Բուժիչ հումոր. ուրոլոգ Ռուբեն Հովհաննիսյանի «հաբերը»

11 հուլիսի, 2014  23:36

Լապորոսկոպիկ ուռոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը միայն բարձր պրոֆեսիոնալիզմով չէ, որ աչքի է ընկնում: Նրա ընդունակությունների եւ տաղանդների շարքում, ներառյալ ստեղծագործելու վարպետությունը, հումորի սուր զգացումն առանձնակի տեղ է զբաղեցնում: Իսկ հումորը, ինչպես ասում են, եւ բուժում է, եւ կյանքը երկարացնում: Այնպես որ, կարելի է ասել` Ռուբեն Հովհաննիսյանը միաժամանակ բոլոր ուղղություններով է բուժում: Եվ հիմա, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն խնդիրը ունեն, բժշկի կողմից նշանակված հումորային հաբերն ենք առաջարկում.

***

Հիվանդներիցս մեկի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էի կասկածում, այնպես որ հարկավոր էր բիոպսիայի դիմել, ինչը հետանցքի միջով է իրականացվում: Ախտորոշումը, ցավոք սրտի, հաստատվեց: Ավելի վշտացա` պարզելով, որ քաղցկեղը բավականաչափ զարգացել է եւ, ինչպես նման դեպքերում է արվում, երկու ամորձիների հեռացում, այսինքն` ամլացում է հարկավոր: Բացատրում եմ ստեղծված իրավիճակը` կնոջ ներկայությամբ, ուսերիս ծանրություն է նստել, եւ ահա կինը, միանգամայն լրջորեն, շրջվում է ու հարցնում.

- Ռուբեն Հովհաննեսովիչ, ամորձիներն էլ ե՞ք հետանցքից հեռացնելու:

***

Գործընկերս` Կարինա Վալերիեւնան, գեղեցիկ աղջիկ է, անչափ կանացի, ուսերին փռված շեկ մազերով, կապույտ աչքերով: Մի օր, կաբինետում նստած, հերթական ծանր աշխատանքային օրն ենք ամփոփում: Մեկ էլ` դուռը բացվում է, եւ հիվանդներից մեկն է ներս մտնում: Բայց ոչինչ չի ասում, մի երեսուն վայրկյանի չափ լուռ կանգնում է. մենք էլ խոսելու ցանկություն չունենք, սպասում ենք` ասի, թե ում մոտ է եկել: Իսկ նա սկզբից գործընկերոջս է նայում, հետո ինձ, հետո էլի Կարինա Վալերիեւնային ու հարցնում.

- Հիմա Ռուբեն Հովհաննեսովիչը ձեզնից ո՞ր մեկն է:

***

Հիվանդին բացատրում եմ, որ չափազանց բարդ, վտանգավոր լապարոսկոպիկ վիրահատության պետք է ենթարկվի` մեկ միլիոն դրամի դիմաց:  Հարցնում է. «Բժիշկ ջան, բայց ինչո՞ւ այդքան թանկ»: Կատակով պատասխանում եմ` որովհետեւ ադրենալինը թանկ արժի: Երեք օր անց զանգում է ու նեղսրտած ասում. «Ես պարզել եմ, որ ադրենալինը Հայաստանում գրանցված չէ, բայց Մոսկվայից կարելի է ձեռք բերել, ու շատ էժան գներով, կոպեկներ արժի, իսկ Դուք` բժիշկ, աչքակապություն էիք անում` ադրենալինը թանկ արժի` դրա համար էլ վիրահատության արժեքը բարձր է»: Հանգիստ պատասխանում եմ. «ԻՄ ադրենալինը թանկ արժի»:

***

Հիվանդներիցս մեկի մոտ երիկամի հեռացումից հետո փորկապություն էր սկսվել: Վիրահատությունը լապարոսկոպիկ էր եղել, այսինքն` նվազագույն ազդեցությամբ, իսկ մարդն արդեն քանի օր է` չէր կարողանում դուրս գալ: Դեղեր նշանակեցինք` էլի անարդյունք: Եւ ահա, մի քանի օր տեւած տանջանքներից հետո, զանգում է եւ ուրախությունից գոռում.

- Բժիշկ ջան, վերջապես` դուրս եկա. собственноручно!

***

Երեկոյան ժամը տասնմեկին մոտ բջջային հեռախոսիս զանգ է գալիս: «Բարեւ Ձեզ, բժիշկ, հիվանդ ենք բերում Ձեզ մոտ, շատ ծանր է, շուտով կլինենք»: Ասում եմ, որ արդեն հիվանդանոցում չեմ, իսկ հերթապահ ուռոլոգ չենք պահում, այնպես որ ավելի լավ է` ուրիշ հիվանդանոց տանեն: Իսկ մյուս ծայրից չեն հանդարտվում. «Բժիշկ ջան, չասացինք` այդքան շուտ, Հունաստանից երկու օր առաջ ենք դուրս եկել…»: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում