Մահվան 108 նոր դեպք. Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1018-ի

11 փետրվարի, 2020  09:16

Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով մահվան 108 նոր դեպք: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1018-ի: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 43 101, որոնցից 7345-ը (19 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում են:

Ըստ worldometers.info-ի տեղեկությունների՝ արդեն հայտնի ելքով դեպքերի թիվն այս պահին 5061 է: Առողջացել է 4043-ը (հայտնի ելքով դեպքերի 80 տոկոսը), մնացյալ 20 տոոկոսը (1018 մարդ) մահացել է: 30 695 պացիենտ (հիմա վարակվածների 81 տոկոսը) բուժում է ստանում, նրանց վիճակը գնահատվում է թեթեւ կամ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը Չինաստանի Հուբեյ նահանգն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվում ոչ միայն այս նահանգի, այլեւ Չինաստանի սահմաններից դուրս՝ աշխարհի 28 երկրներում: Վերջին տեղեկություններով՝ վարակման ամենաշատ դեպքեր գրանցվել են Ճապոնիայում՝ 161: Սինգապուրում կա վարակված 45 պացիենտ, Հոնկոնգում՝ 42:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում