27-ամյա Սյաո Յոն չգիտի, թե որտեղ եւ երբ է վարակվել COVID-19 կորոնավիրուսով: Ամենայն հավանականությամբ նա վարակվել է գնացքում, որով մեկնել է Հուբեյ նահանգի Ցզինչժոու քաղաք՝ նշելու Նոր տարին:
Սյաոն, ով աշխատում է Չենդու քաղաքում, պատմել է, թե ինչպես է վարակվել կորանավիրուսով եւ ինչ խնդիրների է բախվել:
Հունվարի 25-ին նա զգացել է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ:
«Ես հանկարծ զգացի, որ իմ մարմինը տաք է, եւ ես խուճապի մատնվեցի: Այդ ժամանակ արդեն տարօրինակ պատմություններ էի լսել երկրում տարածված վիրուսի մասին: Եվ չգիտեի՝ ինչ անել: Այդ պահին ապրում էի ընկերներիս մոտ եւ հասկանում էի, որ պետք է որքան հնարավոր է շուտ գնալ տուն եւ չվարակել մյուսներին: Սակայն ու՞ր գնալ: Շատ քաղաքներ փակ էին կարանտինի համար, իսկ հիվանդանոց չէի ցանկանում գնալ»,- պատմել է նա:
Սյաոն որոշել է հյուրանոց տեղափոխվել: Եվ այդպես սկսվել է նրա երկար պատմությունը:
«Իմպրովիզացված հիվանդանոց»
Գրեթե մեկ շաբաթ Սյաոն անցկացրել է հյուրանոցի համարում, սնվել միայն արագ պատրաստվող սննդով, քանի որ մոտակա խանութները փակ էին: Խմել է ջերմիջեցնող հաբեր եւ խորհրդակցել օնլայն բժշկի հետ, որն ասել, որ հավանաբար նրա մոտ սովորական ՍՇՎ է:
Մի անգամ գիշերը տղայի մոտ հալյուցիանացիաներ են սկսվել. նրան թվացել է, թե առաստաղի մոտ ինչ-որ մեկը թռնում է: Սակայն առավոտյան նա հասկացել է, որ իր սենյակ չղջիկ է մտել:
Կառավարությունը որոշել է փակել հյուրանոցը, եւ Սյաոն ստիպված է եղել վերադառնալ ընկերոջ տուն: Այդ ժամանակ ուժեղ հազ եւ բարձր ջերմություն է նկատվել նաեւ նրա ընկերոջ մոտ: Նրանք որոշել են դիմել իմպրովիզացված հիվանդանոց, որը հիմնել են գործարանի տեղում: Այնտեղ բուժել են կաթիլային, հակավիրուսային միջոցներով եւ ավանդական չինական բժշկությամբ: Փետրվարի 4-ին Սյաոն իմացել է, որ իր մոտ իսկապես կորոնավիրուս է:
Իմպրովիզացված հիվանդանոցում Սյաոին առանձին սենյակ են տվել, սակայն հետո, երբ պացիենտները շատացել են, նրա մոտ այլ մարդկանց են բերել:
«Ես չեմ լողացել ավելի քան 20 օր, նույնիսկ սրբիչ չունեի: Ուտելիքը ախտահանիչ նյութերի հոտ ուներ, եւ դրանից սրտխառնոց էր առաջանում: Սակայն երբ մտածում էի Ուհանի իմ ընկերների մասին, որոնք ազատ հիվանդասենյակներ չունեին, հասկանում էի, որ պետք չէ բողոքել»,- պատմել է տղան:
«Մուտանտ»
Քաղաքում տհաճ լուրեր էին պտտվում Սյաոի եւ նրա ընկերոջ ընտանիքի մասին:
«Ասում էին, թե ես մուտանտ եմ, թե ինձ արդեն դիակիզել են, թե ընկերս միտումնավոր է ինձ հրավիրել, որպեսզի վարակի քաղաքը, թե իմ ծնողներն աշխատում են ծովամթերքների շուկայում. շատ այլ տարբերակներ կային: Ես հոգեպես ճնշված էի, երբ ախտորոշեցին հիվանդությունը… ես ցավում էի ընկերոջս համար»,- պատմել է նա:
Փետրվարի 19-ին նրան վերջապես դուրս են գրել իմպրովիզացված հիվանդանոցից եւ տեղափոխել կառավարության կողմից հատկացված կարանտինային վայր: Տղան մտադիր է արյան պլազմա հանձնել փորձնական բուժման համար (կորոնավիրուսից ապաքինվածների բջիջների օգտագործում):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում