Կորոնավիրուսով երեք պացիենտները Իտալիայից Հայաստան են եկել տարբեր օրերի. մեկը՝ այլ երկրով. Արսեն Թորոսյան

12 մարտի, 2020  14:37

Երեք պացիենտները, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, Իտալիայից Հայաստան են եկել տարբեր օրերի, տարբեր ավիաչվերթներով: Նրանցից մեկը չի եկել անմիջապես Իտալիայից, այլ ուրիշ երկրով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պացիենտներից մեկը Հայաստան է վերադարձել 2-3 օր առաջ, մյուս երկուսը՝ մոտ 10 օր առաջ: Ժամանելիս ոչ մեկի մոտ չի եղել ո՛չ ջերմություն, ո՛չ որեւիցե այլ ախտանիշ: Հենց ախտանիշները հայտնվել են, նրանք հոսպիտալացվել են, եւ կատարված անալիզները հաստատել են նրանց մոտ կորոնավիրուսի առկայությունը:

Պացինետներից մեկը Հայաստան ժամանելով գործնականում ոչ մեկի հետ չի շփվել, այդուհանդերձ այն քիչ թվով մարդկանց, որոնք նրա հետ շփվել են, գտել ու մեկուսացրել են: Մյուս պացիենտի շփման շրջանակը շատ լայն էր եւ կարող է հասնել մինչեւ 50 մարդու: Նախարարի խոսքով՝  նրանց արդեն նույնականացրել են, ոմանց՝ մեկուսացրել, մյուսների առնչությամբ դեռ պետք է որոշում կայացվի:

Իտալիայի քաղաքացու շփման շրջանակը, որի մոտ նույնպես կորոնավիրուս են հայտնաբերել, նույնպես բավականին մեծ էր. խոսքը 6 ընտանիքի մասին է, որոնք Երեւանում նույն շենքում են ապրում: Նախարարի խոսքով՝ այս շենքում այլ մարդիկ չկան, եւ 6 ընտանիքների բոլոր անդամները բնակության վայրում կարանտինի մեջ են. նրանք պետք է շենքը 2 շաբաթվա ընթացքում չլքեն:

Նախարարի խոսքով՝ մեկուսացվել են նաեւ օդանավում երկու առջեւի եւ երկու հետեւի նստատեղերին նստած ուղեւորները, որոնցով թռչել են կորոնավիրուսով ուղեւորները:

Ըստ Թորոսյանի՝ այս պահին Ծաղկաձորում է 41 մարդ: Առաջին 31-ը կարող են առաջիկայում տուն վերադառնալ, եթե կորոնավիրուսի ախտորոշման անալիզները բացասական լինեն: Մոտ ապագայում Ծաղկաձոր կարանտինի կարող է տեղափոխվել եւս 10-20 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում