Ի՞նչ խնդիրներ է կարելի ձեռք բերել՝ եղունգները կրծելով

16 հուլիսի, 2014  22:40

Եղունգներ կրծելու սովորությունը բոլորովին էլ «գլամուրի» գործոն չի կարող համարվել, սակայն արդյո՞ք առողջության տեսանկյունից եւս անցանկալի երեւույթ է համարվում: 

Փորձագետների համոզմամբ՝ այդպես է, որ կա: Առաջին հայացքից անմեղ թվացող սովորությունը լուրջ սպառնալիք է պարունակում՝ առողջության համար, հաղորդում է The Daily Mail-ը:

Տրամաբանական է, որ եղունգների տակ տարատեսակ մանրէներ կարող են ապաստան գտնել եւ բազմանալ: Դրանցից հատկապես երկուսը՝ էնտերոբակտերիաների ընտանիքի ներկայացուցիչը համարվող սալմոնելան եւ E.coli-ն, կարող են լուրջ վնաս պատճառել մարդու առողջությանը: 

Այսքանից հետո ո՞վ կարող է պնդել, որ «մանրէների գաղութը» հետազոտելու եւ հատվածաբար ծամելու սովորությունը ժամանցի անվնաս միջոց է հանդիսանում:

Բերանի խոռոչ, այնտեղից էլ՝ ստամոքս անցած մանրէներն այնպիսի ստամոքսա-աղիքային բորբոքումներ կարող են առաջացնել, որ փորլուծությունից եւ ստամոքսի սուր ցավերից երկար ժամանակ չեք ազատվի:

Բայց եղունգները կրծելու սովորության բացասական հետեւանքներն այսքանով չեն սահմանափակվում: Պարզվում է՝ մատների ծայրերին պատճառած փոքրիկ վերքերը եւս «հրաշալի» միջավայր են ստեղծում՝ մանրէների ներթափանցման համար: Խոսքը մասնավորապես, պարոնիխիա անունը կրող բորբոքման մասին է (եղունգների թմբիկների այտուցվածություն), որը միայն վիրաբուժական միջամտության եւ հակաբիոտիկների ու հակասնկային դեղամիջոցների օգնությամբ է բուժման ենթակա:.

Իսկ ահա պապիլոմայի վիրուսը, բերանի խոռոչ անցնելով, ատամների եւ լնդերի համար կարող է լուրջ բարդություններ ստեղծել: Մասնավորապես, ատամները վիրուսի ազդեցությամբ տեղաշարժվելու եւ ոչ ներդաշնակ տեսք ընդունելու հատկություն ունեն:

Եղունգները կրծելու սովորությունից այնքան էլ հեշտ չէ հրաժարվել, եւ որոշ դեպքերում միայն փորձագետի օգնությունը կարող է արդյունավետ լինել:

Այդուհանդերձ, շատերը եղունգներին դառնահամ լաք են քսում՝ սովորույթից հրաժարվելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում