Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել

21 հուլիսի, 2014  16:00

Վերարտադրողական տարիքի շուրջ 6,1 մլն ամերիկացի կանայք անպտղությամբ են տառապում: Ընդ որում, դեպքերի մեծ մասի պարագայում երեխա ունենալու անկարողության պատճառներն անհայտ են մնում: Ընդհանուր առմամբ, համարվում է, որ 100 կանանցից 9-ին այս հիվանդությունն է սպառնում: Մայրանալու համար նրանք ստիպված են արտաարգանդային բեռմնավորման օգնությանը դիմել, որը միշտ չէ, որ հաջողությամբ է պսակվում: Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները փոքր չափեր, բայց կարեւորագույն նշանակություն ունեցող մոլեկուլ են հայտնաբերել, որի օգնությամբ կանացի անպտղության առեղծվածը կարող է ջրի երես դուրս գալ, հաղորդում է Medical Daily-ն:

Մասնավորապես, Ցինցինատիի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական խմբի անդամները Wnt5a անունը ստացած գենն են բացահայտնել, որը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի՝ արգանդի պատին արդյունավետ ներպատվաստման հարցում: Այն իր ռեցեպտորների՝ ROR1-ի եւ ROR2-ի օգնությամբ սաղմի տեղաշարժին նպատակային ուղղորդում տալու ծրագրավորում ունի:  Բացի այդ, մոլեկուլից կայուն պարբերականությամբ ստացվող ազդակները արգանդում ներպատվաստային խցերի ձեւավորման նպատակ են հետապնդում:

Հետազոտության կարեւորությունը վերոհիշյալ գենի բացակայության կամ թերի աշխատանքի արդյունքում ի հայտ եկող հանգամանքների բացահայտմամբ է ընդգծվում: Երբ Wnt5a-ից ստացվող ազդակները թույլ կամ աղավաղված են, ոչ միայն արգանդը կարող է պատրաստ չլինել հղիությանը, այլ նաեւ՝ սաղմը՝ անհարմար դիրքով տեղակայվել, ինչի արդյունքում անցանկալի հետեւանքների՝ վերարտադրողական գործառույթի անբավարարության, անպտղության, պտղի թերաճության, վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ պարունակող ընկերքավորում է առաջանում: 

Կնոջ ձվաբջջի եւ տղամարդու սպերմատոզոիդի բեղմնավորման արդյունքում սաղմի զարգացման նախնական փուլում գտնվող զիգոտ է առաջանում: Այդուհանդերձ, արդյունավետ զարգացման համար այն պետք է արգանդի՝ սնուցիչներով հարուստ պատին տեղակայվի: Գիտնականները մինչ այժմ պատկերացում չունեին, թե որ պարբերական ազդակների խթանմամբ է զիգոտն իր ճանապարհը գտնում:

Երբ սաղմին չի հաջողվում արգանդի պատին հարմար տեղակայվել, վիժման վտանգ է առաջանում: Ընդհանուր առմամբ, հղիության դեպքերի 40 տոկոսի պարագայում հենց այսպիսի արդյունք է սպասվում: Գիտնականները համոզված են, որ այս կերպ բնությունը փորձում է գենետիկորեն ամենահարմար սաղմերի՝ արգանդում տեղակայումն ապահովել: Այդուհանդերձ, կնոջ օրգանիզմը երբեմն նաեւ առողջ սաղմերի տեղակայմանն է ընդդիմանում: Երբեմն էլ սաղմն է սխալ՝ արգանդի վզիկի կամ ֆալոպյան փողերի ուղղությամբ տեղաշարժվում:

Վերոհիշյալ հետազոտության շրջանակում փորձարկումները միայն լաբորատոր մկների վրա են իրականացվել, բայց, հիշյալ կենդանիների եւ մարդու օրգանիզմի նմանություններն ու տարբերությունները հաշվի առնելով, գիտնականները համոզմունք ունեն, որ Wnt5a-ROR ազդակները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի ճիշտ տեղակայման հարցում: Առաջիկայում նրանք մտադիր են հատուկ՝ հիշյալ ազդակներով կարգավորվող մոլեկուլյար եւ կենսաքիմիական անցուղիները ուսումնասիրել: Կենսա-մոլեկուլյար լեզվաբանության բառապաշարին անծանոթ ընթերցողների համար թարգմանաբար ասենք, որ պարզապես հետագա ուսումնասիրություններ են հարկավոր՝ կնոջ անպտղության հնարավոր պատճառներն ու լուծումները բացահայտելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում