Գիտնականները կորոնավիրուսով պացիենտների թոքերը փրկելու նոր միջոց են առաջարկել

26 մայիսի, 2020  23:27

Շվեդիայի գիտնականներն առաջարկել են թոքերի հյուսվածքի վնասվածքները, որոնք համարվում են կորոնավիրուսային վարակի հիմնական բարդություն, բուժել ցողունային բջիջների օգնությամբ:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա» թերթը, ցողունային բջիջները կարող են կանխել իմունային համակարգի սուր ռեակցիան, ինչը հանգեցնում է սուր շնչառական դիսթրես-համախտանիշի (ՍՇԴՀ)՝ մի վիճակ, երբ թոքերը կորցնում են արյունը թթվածնով հագեցնելու ունակությունը: Մարմնի չափազանց բորբոքային ռեակցիան խախտում է գազափոխանակումը:

Շվեդ գիտնականները գտել են այդ վիճակը կանխելու միջոցը` ՍՇԴՀ-ի բուժման համար օգտագործելով մեզենխիմալ ստրոմալ բջիջները: Այս բջիջները ի վիճակի են կառավարել իմունային համակարգի աշխատանքը:

Ինչպես հաստատում է «Կոմունարկա» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, կորոնավիրուսով վարակված հիվանդների ավելի քան 80%-ի մահվան պատճառը հենց ՍՇԴՀ-ն է: Սա կորոնավիրուսով վարակմանը օրգանիզմի հատուկ ռեակցիան է, որի գիտական հիմնավորումը դեռեւս չկա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում