Որոշ գերմանացիներ իրավունք կունենան կանեփ աճեցնել

23 հուլիսի, 2014  13:02

Գերմանիայի դատական ատյաններից մեկի կողմից կայացված վճռի համաձայն, քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիները կարող են «թերապեւտիկ նկատառումներով» կանաբիս աճեցնելու իրավունք ձեռք բերել, հաղորդում է FoxNews-ը:

Դեղամիջոցների եւ բժշկական ծառայությունների դաշնային ինստիտուտի կողմից մերժում ստանալուց հետո, քրոնիկ հիվանդություններով տառապող հինգ գերմանացիներ համատեղ հայց էին ներկայացրել Քյոլնի դատարան՝ իրենց իրավունքները չոտնահարելու պահանջով:

Դատարանը ինստիտուտին հանձնարարել է վերանայել դիմումներից երեքի բովանդակությունը եւ օրենսդրությանը չհակասող վճիռ ընդունել:

Բոլոր հայցվորները կանաբիս գնելու եւ օգտագործելու թույլտվություն ունեն, սակայն բժշկական ապահովագրությունից զուրկ լինելու պատճառով ի վիճակի չեն անհրաժեշտ քանակությամբ թմրանյութ գնել եւ ցանկանում են սեփական կանաբիսն աճեցնել: Այդուհանդերձ, նրանցից միայն երեքը «աճեցված կանաբիսը երրորդ կողմի հասանելիությունից զերծ պահելու» հարմարություններ ունեն:

«Մինչ այժմ կանաբիսի՝ տնային պայմաններոմ աճեցումը արգելված պրակտիկա էր համարվում, սակայն այսուհետ լուրջ հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են դրա իրավունքը ձեռք բերել», - հայտարարել է դատարանի խոսնակ Ստեֆանի Զայֆերտը՝ հավելելով, որ մերժված հայցվորներից առաջինը կանաբիսի աճեցման համար հարմարություններ ապահովելու հնարավորություն չունի, իսկ երկրորդը կարող է այլ բուժամիջոցների օգնությանը դիմել:

Այնպես որ, կանաբիս աճեցնելու ցանկություն ունեցող գերմանացիները պետք է դատարանի միջոցով՝ յուրաքանչյուր դեպքի մանրամասն քննությունից հետո հատուկ իրավունք ձեռք բերեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում