Գիտնականները ստեղծել են նանոմասնիկներ, որոնք կարող են ուռուցքի «ինֆարկտ» առաջացնել

29 հունիսի, 2020  23:21

Չինացի գիտնականները մշակել են կենսաքայքայվող նանոմասնիկներ, որոնք ուղղված են ուռուցքի դեմ։ Այդ մասնիկները խոստանում են քաղցկեղի տարբեր տեսակների դեմ արդյունավետ թերապիա նվիրել, գրում է Xinhua-ն՝ հղում անելով Չինաստանի գիտությունների ակադեմիային։

Վերոնշյալ ակադեմիայի գիտնականները մշակել են քաղցկեղի բուժման նոր մոտեցում, որն իր մեջ համադրում է քիմիաթերապիան եւ թերապիան՝ ուղղված ուռուցքը սնուցող անոթներին։

Երկար ժամանակ հետազոտողների համար դժվար էր գտնել անվտանգ եւ արդյունավետ թերապիա, որի օգնությամբ կարելի կլիներ ուռուցքները սնուցող անոթներում արյան խցանումներ ստեղծել: Դեղամիջոցները, որոնք ուռուցքի անոթային ցանցում թրոմբոզ են առաջացնում, երկար ժամանակ չեն հանգեցրել քաղցկեղի վերացմանը:

Սակայն նոր նանոմասնիկներն ունակ են թիրախային ուղղել թրոմբինը (արյան մակարդող տարր) ուռուցքային անոթների պատերին եւ ուռուցքի մասերին (միակցիչ-հյուսվածային բջջային տարրեր, անոթներ, նյարդեր, էքստրացելյուլյար մատրիցա)՝ առաջացնելով անոթի խցանում եւ, որպես հետեւանք, ուռուցքի սով (մի տեսակ «ինֆարկտ» արյան շրջանառությունը փակելու պատճառով) եւ մահ:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ուռուցքներում անոթային ինֆարկտ հրահրելու համար ցիտոտոքսիկ տարրի եւ պրոտեազայի համատեղ ներարկումը, կենսաքայքայվող նպատակային ազդեցության նանոմասնիկների հետ միասին, խոստումնալից ռազմավարություն է: Այն թույլ կտա կատարելագործել քաղցկեղի կոագուլյացիայի վրա հիմնված թերապիան:

Այս մեթոդի վերաբերյալ ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Biomedical Engineering ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում