Կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութն ապացուցել է անվտանգությունն ու արդյունավետությունը

21 հուլիսի, 2020  11:03

SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի նախնական կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է, քիչ կողմնակի էֆեկտներ է առաջացնում եւ նպաստում է կայուն իմունային պատասխանի մշակմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում, որոնց մասին հակիրճ հաղորդվում է MedicalXpress-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

2020 թվականի ապրիլի 23-ից մայիսի 21-ը անցկացված հետազոտությանը մասնակցել է 18-ից մինչեւ 55 տարեկան 1077 առողջ մեծահասակ, որոնք COVID-19-ով հիվանդ չէին: Պատվաստանյութը ներարկելուց հետո 14 օր անց բոլոր կամավորների մոտ դիտվել է Т-բջջային պատասխան, իսկ 28 օր հետո արդեն կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են արտադրվել:

Սակայն առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի դեմ հակամարմինները որքան երկար կպահպանվեն պացիենտների օրգանիզմում: Կատարյալ դեպքում պատվաստանյութը պետք է COVID-19-ի դեմ պաշտպանություն ապահովի նվազագույնը 6 ամիս, այդ թվում՝ տարեցների եւ քրոնիկ հիվանդություններով պացիենտների մոտ:

Պատվաստանյութի ներարկումից հետո կողմնակի էֆեկտները քիչ են եղել: Մասնագետները դրանց թվում նշում են հոգնածությունը, գլխացավորը, մկանային ցավերը, ներարկման տեղում ցավը, տկարությունը, սարսուռը եւ բարձր ջերմությունը: Ընդ որում՝ կամավորների մոտ, որոնք նաեւ պարացետամոլ են ընդունել, կողմնակի էֆեկտներն ավելի թույլ էին: Դրանից բացի, դեղամիջոցը չի ազդել պատվաստանյութի իմունածնության վրա:

Բրիտանական պատվաստանյութը շիմպանզեի ChAdOx1 մոդիֆիկացված ադենովիրուսն է, որն արտադրում է SARS-Cov-2-ի մեջ պարունակվող S-սպիտակուց եւ առանցքային դերակատարում ունի կորոնավիրուսով բջիջների վարակվելու գործում: Ադենովիրուսն առաջացնում է սովորական մրսածություն, բայց այս դեպքում այն թուլացված է եւ չի կարող մարդու մոտ հիվանդություն հարուցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում