Էպիդուրալ անզգայացման ենթարկվող կանայք կարող են հետծննդյան դեպրեսիայից խուսափել

28 հուլիսի, 2014  15:46

Հետազոտությամբ պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում ցավի վերահսկմանը միտված գործառույթները հետծննդյան դեպրեսիայի առաջացումը կանխելու ներուժ ունեն: Մասնավորապես, Էպիդուրալ անզգայացում անցած կանանց ընդամենը 14 տոկոսն է ծննդաբերությունից վեց շաբաթ անց երեւույթի ազդեցությանը ենթարկվում: Հակառակ դեպքում ցուցանիշը շուրջ 35 տոկոս է կազմում, հաղորդում է Daily Mail-ը:

Չինացի գիտնականները պարզել են, որ էպիդուրալ անզգայացումը կարող է նաեւ երեխային կրծքով կերակրման հավանականության վրա անդրադառնալ: Եթե ցավոտ ծննդաբերության արդյունքում կանանց ընդամենը 50 տոկոսն է երեխային կրծքով կերակրելու ցանկություն հայտնում, ապա ցավի կառավարման հիշյալ եղանակի օգնությանը դիմած մայրերի 70 տոկոսը նախընտրում են փոքրիկին բնական եղանակով կերակրել:

Փորձագետների խոսքով, սուր ցավի վերահսկումը լավ սկիզբ է՝ մայրության համար: Այլապես, ջախջախված եւ ուժասպառ օրգանիզմով, հնարավոր չէ նոր փուլի արդյունավետ մեկնարկը տալ:

Ծննդաբերության ցավի եւ հետծննդյան դեպրեսիայի միջեւ կապի ուսումնասիրմանը միտված լայնածավալ հետազետություններ մինչ այժմ գրեթե չեն ձեռնարկվել, մինչդեռ հայտնի է, որ սուր եւ քրոնիկ ցավը կարող է դեպրեսիայի առաջացման պատճառ լինել: Իսկ առաջին անգամ մայրացած կանանց մոտ անգամ հետծննդյան ցավերը կարող են սուր լինել (11 տոկոս դեպքերում):

Փորձագետների համոզմամբ, բացահայտված կապը հատկապես նշանակալի կարեւորություն ունի այն կանանց համար, որոնք խոցելի են դեպրեսիայի նկատմամբ: Այդուհանդերձ, հետագա հետազոտություններ են հարկավոր՝ ծննդաբերական ցավի եւ հետծննդյան դեպրեսիայի միջեւ կապի առկայությունը հաստատելու համար:

Հետազոտության հեղինակների համոզմամբ, ցավի կառավարումը կարող է նաեւ մոր՝ երեխայի հետ զգացական կապ ապահովելու եւ նրա խնամքը ճիշտ կազմակերպելու կարողության վրա անդրադառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում