Հայտնի է 9 հետաքրքիր փաստ մարդու կմախքի մասին

12 օգոստոսի, 2020  11:34

Հաճախ պարզվում է, որ մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում, թե ինչպես է աշխատում մեր օրգանիզմը եւ ինչից է այն բաղկացած: Առաջարկում ենք կարդալ 9 հետաքրքիր փաստ մարդկային կմախքի մասին, որոնք, հնարավոր է, մի փոքր կընդլայնեն ձեր մտահորիզոնը, գրում է Popular Mechanics-ը:

Տղամարդու եւ կնոջ կմախքը. ո՞րն է տարբերությունը: Իրականում էական տարբերություն չկա: Որոշ ոսկորներ տարբերվում են միայն երկարությամբ եւ չափսերով: Օրինակ, կնոջ կրծքավանդակն ավելի նեղ է, քան տղամարդունը, իսկ կոնքն անվելի լայն է: Տղամարդկանց մոտ ավելի լավ են արտահայտված վերհոնքային կորերը, իսկ կանանց մոտ, որպես կանոն, վերջույթների ոսկորներն ավելի կարճ եւ բարակ են: Մարդու կմախքի ամենափոքր եւ թեթեւ ոսկորը միջին ականջի մեջ է: Լսողության ոսկրիկը 2.5 մգ է, իսկ չափսը 3-4 միլիմետր է: Իր հերթին, ամենաերկար ոսկորն ազդրայինն է: Այն կազմում է մարդու ընդհանուր հասակի մոտ 27 տոկոսը: Բացի այդ, ազդրոսկորը համարվում է ուժեղագույններից մեկը (մեծ սրունքոսկրի հետ միասին): Ամերիկացի լեգենդար հնարքային դերասան Իվել Քնիվելը ռեկորդ էր սահմանել, որը հազիվ թե որեւէ մեկը ցանկանա գերազանցել: 1975-ին Քնիվելն ընդհանուր 433 կոտրվածք էր ստացել: Բարեբախտաբար, 80-ականներին նա հաջողությամբ ավարտեց իր կարիերան եւ բավականին երկար կյանք ապրեց: Մարդու կմախքը խոցող ամենատարածված հիվանդությունն օստեոպորոզն է: Այս հիվանդությունը բնութագրվում է ոսկրային զանգվածի անկմամբ եւ ոսկրերի բարձր փխրունությամբ: Ըստ ԱՀԿ-ի` Եվրոպայում օստեոպորոզի հետ կապված կոտրվածքներից մահացությունների թիվը գերազանցում է մահվան դեպքերի թիվն ուռուցքաբանական հիվանդություններից: Համարվում է, որ չափահաս մարդու կմախքի նորմալ զանգվածը մարմնի ընդհանուր քաշի 15-18 տոկոսն է կազմում: Լսե՞լ եք երբեւէ Գորհեմի հիվանդության մասին: Սա բնածին հիվանդություն է, որն առաջին անգամ նկարագրվել է միայն 1954 թվականին: Առեղծվածային եւ հազվագյուտ հիվանդությունը բնութագրվում է արյան անոթների մեծացմամբ, ինչը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների ոչնչացմանը. Գորհեմի հիվանդության ճշգրիտ պատճառները գիտությանը դեռ հայտնի չեն: Ընդունված է համարել, որ չափահաս մարդու մարմնում 206 ոսկոր կա: Սակայն մեծ թվով մարդկանց մոտ «շեղումներ» եւ իրենց առանձնահատկությունները կան, ուստի ոսկորների ճշգրիտ թիվը շատ անհատական ​​է եւ հնարավոր չէ հաշվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում