Ինչ հիվանդությունների մասին կարելի է կասկածել լեզվի գույնով

29 օգոստոսի, 2020  20:07

Որոշ հիվանդությունների դեպքում լեզվի արտաքին տեսքը կարող է փոխվել, օրինակ՝ այն կարող է ծածկվել սպեցիֆիկ փառով կամ ձեռք բերել տարբեր երանգներ: Այն մասին, թե ինչ հիվանդություններ կարելի է կասկածել լեզվին նայելով՝ «Аргументы и факты» թերթին պատմել է ատամնաբույժ Վլադիմիր Շիպկովը։

Մասնագետի խոսքերով՝ լեզվի ողջ մակերեւույթին խիտ սպիտակ փառը կարող է անգինայի, դիզենտերիայի, գրիպի կամ թունավորման ախտանիշ լինել: Եթե այդպիսի փառ նկատելի է միայն լեզվարմատի շրջանում, այն կարող է կապված լինել աղեստամոքսային հիվանդությունների հետ:

Երբ լեզուն շատ գունատ է, դա կարող է անեմիայի մասին վկայել:

Լեզվի վրա նկատելի դեղին փառը լյարդի հիվանդությունների հնարավոր ախտանիշ է՝ հեպատիտ, պանկրեատիտ, խոլեցիստիտ:

Եթե լեզուն փառի պատճառով կանաչավուն երանգ է ձեռք բերում, բացառված չէ, որ մարդը խնդիրներ ունի տասներկումատնյա աղիքի, լեղապարկի հետ:

Լեզվի մեջտեղում եւ ծայրին մոխրագույն փառը կարող է վկայել քրոնիկ գաստրիտի, ստամոքսի քաղցկեղի եւ ՄԻԱՎ վարակի մասին:

Վառ կարմիր լեզուն կարող է դառնալ ալերգիայի, վարակների, բորբոքային հիվանդությունների, սրտի եւ արյան համակարգի աշխատանքի շեղումների պատճառով: Մուգ վարդագույն՝ անգինայի կամ Կավասակիի համախտանիշի դեպքում:

Լեզվին կապույտ երանգ են հաղորդում երիկամների եւ թոքերի հիվանդությունները: Եթե այն կապույտ է ներքեւի մասում, կարելի է ենթադրել սրտի հիվանդության մասին։

Լեզվի մուգ շագանակագույն գույնը բնորոշ է ենթաստամոքսային գեղձի խանգարմանը, իսկ սեւ գույնը՝ աղիքների բորբոքային հիվանդություններին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում