«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով

20 օգոստոսի, 2020  11:48

22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո կատարվել են փոքր կոնքի եւ որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաեւ ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն:

Ինչպես տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը, ախտորոշվել է աջ ձվարանի հավելումների շրջանի պարաօվարյալ գիգանտ կիստա, որը տեղակայված էր փոքր կոնքի խոռոչում՝ հասնելով մինչեւ ստամոքս եւ պարունակում էր 20 լիտր հեղուկ: Ձախ ձվարանում եւս դերմոիդ կիստա կար: Կիստայի չափերը եւ որովայնի մեծությունը համեմատելի է 40 շաբաթական հղիության 4 կգ պտղի քաշի հետ:

Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, հաշվի առնելով աղջկա տարիքը, իրականացրել է օրգանապահպան վիրահատություն՝ հնարավորություն ընձեռելով հետագա առողջ եւ անվտանգ կյանքի եւ մայրանալու համար: Վիրահատությունն անցել է հարթ, հեռացվել են բոլոր կիստաները, պահպանվել են ձվարանները: Հիվանդը դուրս է գրվել վիրահատության 4-րդ օրը՝ առանց բարդությունների եւ առողջական խնդիրների: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

Վիրահատությունը կատարվել է գինեկոլոգների թիմի կողմից՝ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում