Հղիների համար ալկոհոլի անվտանգ քանակություն չկա. հետազոտություն

29 սեպտեմբերի, 2020  18:20

Հղիների համար ալկոհոլի անվտանգ քանակություն չկա: Այս մասին հայտնում են Սիդնեյի համալսարանի գիտնականները, հաղորդում է Xinhua-ն:

Գիտնականների խոսքով՝ երեխաները, ովքեր հղիության ժամանակ մոր արգանդում ալկոհոլի ոչ մեծ քանակության ազդեցության են ենթարկվում, ավելի հաճախ են բախվում հետագայում հոգեբանական, էմոցիոնալ կամ պահվածքի խնդիրների հետ: Ալկոհոլի օգտագործման ցածր մակարդակը սահմանվել է շաբաթական առավելագույնս 6 չափաբաժին:

Մասնագետներն ուսումնասիրել են 9719 երիտասարդների տվյալներ, որպեսզի ուսումնասիրեն կապը հղիության ժամանակ ալկոհոլի օգտագործման ու վերոնշյալ խնդիրների միջեւ 9-10 տարեկան հասակում: Գիտնականները ցանկացել են հասկանալ՝ կա արդյոք հղիների համար ալկոհոլի անվտանգ քանակություն:        

Հեղինակների խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի նույնիսկ քիչ քանակությունը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա: Դա նշանակում է, որ չկա լիովին անվտանգ մակարդակ հղիության ժամանակ ալկոհոլի օգտագործման համար:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում