Ինչպես են ֆիբրոզի կառուցվածքային առանձնահատկություններն ազդում սրտի աշխատանքի վրա

12 հոկտեմբերի, 2020  23:27

Ռուսաստանի առաջին նախագահ Բ.Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները կատարել են սրտի վրա ֆիբրոզի կառուցվածքային առանձնահատկությունների ազդեցության վերաբերյալ աշխարհում առաջին հիմնարար ուսումնասիրությունը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ուսումնասիրության ընթացքում նրանց հաջողվել է հայտնաբերել ֆիբրոզի հետ կապված սրտային հյուսվածքի էլեկտրական գրգռման խախտումների օրինաչափություններ: Այս հայտնագործությունը ապագայում թույլ կտա գտնել տարբեր տեսակի առիթմիայի բուժման արդյունավետ մեթոդներ:

Սրտի ֆիբրոզը շարակցական հյուսվածքի պաթոլոգիական ընդարձակում է, որը զարգանում է ծերանալու, գիրանալու, դեպքում, սրտի կաթվածից հետո եւ մի շարք հիվանդությունների հետեւանքով: Այդ վիճակի դեպքում սրտի մեջ սպիի հյուսվածք է հայտնվում, որի ծավալը երբեմն հասնում է 40%-ի: Սպիի հյուսվածքը չի կարող նորմալ կերպով տարածել էլեկտրական գրգռման ալիքները, ինչը բացասաբար է ազդում սրտի կծկման վրա:

«Պարզվել է, որ գրգռման ալիքի խախտումները կախված են ոչ միայն սրտամկանի հյուսվածքի ֆիբրոզային տարրերի քանակից, այլ նաեւ դրանց երկարությունից, մկանային մանրաթելերի հանդեպ դիրքից եւ, ամենակարեւորը՝ գրգռման ալիքի ուղղությունից: Ֆիբրոզի կառուցվածքների համակողմանի վերլուծություն կենդանիների ֆիզիոլոգիական փորձերի միջոցով եւ առավել եւս կլինիկայում անհնար է, ուստի մենք օգտագործեցինք համակարգչային մոդելներ, որոնց վրա կարելի է ուսումնասիրել ֆիբրոզի կամայական հյուսվածքները՝ հասկանալու համար սրտամկանի ֆունկցիայի վրա դրա ազդեցության օրինաչափությունները»,- ասել է Ուրալի համալսարանի «Մաթեմատիկական մոդելավորումը ֆիզիոլոգիայի եւ բժշկության մեջ՝ գերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործման միջոցով» լաբորատորիայի ղեկավար Օլգա Սոլովյովան։

Մասնագետները ստեղծել են ֆիբրոզի տարբեր կառուցվածքների եռաչափ մոդելավորում: Համակարգչային մոդելները գիտնականներին թույլ են տվել մանրամասնորեն վերլուծել առանձին բջիջների եւ սրտային ամբողջ հյուսվածքի էլեկտրական գրգռման գործընթացները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում