Մարդիկ շարունակում են ձեռքերի համար նախատեսված սպիրտ պարունակող հակասեպտիկներ խմել եւ թունավորվել

3 դեկտեմբերի, 2020  21:31

Մարդիկ շարունակում են ձեռքերի համար նախատեսված սպիրտ պարունակող հակասեպտիկներ խմել եւ թունավորվել: Այս մասին ասվում է նոր զեկույցում, որը հրապարակվել է  BMJ Evidence Based Medicine-ում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ այսօր շուկայում կարելի է գտնել ձեռքերի համար նախատեսված մեծ թվով հակասեպտիկ հեղուկներ, գելեր: Եվ չնայած այդ նյութերը պանդեմիայի ֆոնին դարձել են մեր առօրյայի մի մասը, դրանց թունավորության մասին տեղեկությունները քիչ են տարածված՝ պնդում են զեկույցի հեղինակները:

Այս տարի Մեծ Բրիտանիայում հակասեպտիկների ներս ընդունման արդյունքում թունավորումների թիվը աճել է 65 տոկոսով՝ համեմատած 2019 թվականի հետ: Իսկ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնները հայտնում են 4 մահերի մասին նման թունավորումների արդյունքում: Ավելին, նկարագրված են երեխաների թունավորման 2 դեպքեր:

Հեղինակների խոսքով՝ ձեռքերի համար նախատեսված հակասեպտիկները նաեւ կարող են մահվան հանգեցնել:

Նոր ակնարկում առաջարկվում է թունավորումը կանխարգելելու հետեւյալ միջոցները՝

Ձեռքերի համար հակասեպտիկները պետք է կիրառվեն միայն ձեռքերը մշակելու համար: Դրանք չի կարելի կուլ տալ: Այդ ապրանքները պետք է պահպանել երեխաների համար անհասանելի վայրերում: Երեխաները պետք է դրանից օգտվեն միայն մեծահասակների հսկողության ներքո: Բուժաշխատողներին եւ սովորական մարդկանց պետք է սովորեցնել օգտագործել հակասեպտիկ միջոցներ: Հարկ է տեղեկատվություն տարածել ներս ընդունման ծանր հետեւանքների մասին: Արտադրողները պետք է հակասեպտիկների վրա նշեն հստակ ցուցումներ ոչ ըստ նշանակության պոտենցիալ վտանգի մասին:    Առողջապահական մարմինները պետք է խստացնեն մոնիթորինգը եւ թունավորումների եւ մահերի վերլուծությունը:

Մասնագետները նաեւ առաջարկում են մշակել ազգային ցուցումներ հիվանդանոցներում ձեռքերի համար նախատեսված հակասեպտիկների կիրառման հարցով: Բուժհաստատություններում պետք է հետեւել հակասեպտիկների կիրառմանը: Մանկաբուժական, հոգեբուժական եւ հերիատրիկ բաժանմունքներում հակասեպտիկները չպետք է համընդհանուր հասանելիություն ունենան:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում