Գիտնականները գտել են սթրեսի եւ անպտղության միջեւ «պակասող օղակը»

8 դեկտեմբերի, 2020  23:31

Օտահոյի Նեյրոէնդոկրինոլոգիայի կենտրոնի գիտնականները գտել են սթրեսի եւ անպտղության միջեւ «պակասող օղակը»: Գիտնականները լաբորատոր փորձարկումներում հաստատել են, որ ուղեղի հիմքի մոտ նյարդային բջիջների պոպուլյացիաները (RFRP նեյրոններ) սթրեսային իրավիճակներում ակտիվանում են, այնուհետեւ հորմոնալ ֆոնի վրա ազդեցության հաշվին ճնշում են վերարտադրողական համակարգը, հայտնում է Medical Express-ը:

Գիտնականների խոսքով՝ այս ռեակցիան առանձնապես ակնհայտ է կանանց մոտ: Վերարտադրողական ֆունկցիան վերահսկող ուղեղի բջիջներն ի վիճակի չեն ուղղակիորեն պատասխանելու կորտիզոլի գործունեությանը: RFRP բջիջները հանդես են գալիս որպես այդ շղթայի առանցքային օղակ. դրանք ակտիվանում են սթրեսային իրավիճակում՝ արձագանքելով սթրեսի հորմոն կորտիզոլին: Արդյունքում սա հանգեցնում է վերարտադրողական ֆունկցիայի ցուցանիշների նվազման:

Մասնագետները նշում են, որ անպտղության դեմ պայքարող կանանց համար կարող են նոր արդյունավետ թերապիա լինել դեղերը, որոնք արգելափակում են RFRP նեյրոնների ազդեցությունը: Այդպիսի դեղեր արդեն գոյություն ունեն, սակայն դրանցից ոչ մեկը դեռեւս հավանություն չի ստացել մարդկանց օգտագործման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում