Առաջադեմ մեթոդի շնորհիվ 32-ամյա կինը բուժվել է քաղցկեղի վերջին փուլից

21 դեկտեմբերի, 2020  16:18

32-ամյա Հելեն Ուին Հյուզը բրիտանական Ռուֆին քաղաքից` Ուելս, բուժվել է քաղցկեղի վերջին փուլից: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:

2018-ին Հելենի մոտ լիմֆոմա էր ախտորոշվել, երբ նա հղի էր իր երրորդ երեխայով: Նրա կրծքավանդակի հատվածում գրեյպֆրուտի չափի ուռուցք էր աճում: Հիվանդը քիմիաթերապիա էր սկսել եւ տաս շաբաթ անց ծննդաբերել էր:

Անցյալ աշնանը բժիշկները նրան ասել էին, որ քաղցկեղը չի արձագանքում բուժմանը եւ արդեն տարածվել է ոսկորների, լյարդի եւ թոքերի վրա: Նրան խորհուրդ էին տվել երեխաներին նախապատրաստել վատագույնին: Անցյալ Սուրբ Սուրբ ծննդին նա երեխաներին հուշատուփեր էր նվիրել, որոնք կհիշեցնեին փոքրիկներին իր մասին:

«Ես ստիպված էի նրանց ասել.«Սա ձեր մայրիկի երեւի վերջին Սուրբ ծնունդն է»: Նրանք դեռ այնքան փոքր են, ինձ համար շատ դժվար էր հուշատուփեր հավաքել»,- պատմում է Հելենը:

Շուտով նրան քաղցկեղի դեմ CAR-T բջջային թերապիա փորձելու հնարավորություն առաջարկվեց, որը միայն վերջերս էր հաստատվել ՄԹ-ի Առողջապահության ազգային ծառայության կողմից: Նա համաձայնեց, քանի որ այդ բուժումը նրա վերջին հույսն էր: Հյուզը 5 շաբաթ անցկացրել է անգլիական Մանչեսթեր քաղաքի քաղցկեղի կենտրոնում: Բուժումը որոշ կողմնակի բարդություններ ունեցավ, ինչպիսին է հիշողության ժամանակավոր կորուստը: Թերապիայից հետո ընտանիքը վեց ամիս սպասում էր բուժման արդյունքներին:

«Երբ բժիշկներն ասացին, որ ես ապաքինվել եմ, մենք բոլորս արտասվեցինք: Ի վերջո, քաղցկեղն ամբողջությամբ վերացավ,- պատմել է նա:- Ես պատրաստվում էի վատագույնին, բայց CAR-T բջջային թերապիան փրկեց իմ կյանքը»:

CAR-T բջջային թերապիայի դեպքում քիմերական անտիգեն ընկալիչն օգտագործվում՝ չարորակ բջիջները ճանաչելու եւ դրանք ոչնչացնելու համար: Դա սպիտակուց է, որն իր մեջ հակամարմինների բեկորներ է պարունակում, որն ընտրովիորեն կապվում է որոշակի հակագեների եւ իմունային համակարգն ակտիվացնող դոմենների հետ:

Հիվանդի T բջիջները դուրս են բերվում եւ գենետիկորեն մոդիֆիկացնում են, որպեսզի դրանց մակերեսին գտնվի քիմերային անտիգենային CAR ընկալիչը, որը կապվում է CD133 սպիտակուցի հետ գլիոբլաստոմայի բջիջների վրա: Մոդիֆիկացիայից հետո դրանք կրկին ներարկում են հիվանդի օրգանիզմի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում