Ինչո՞ւ չի կարելի քնելիս հեռախոսը դնել բարձի տակ

14 հունվարի, 2021  11:10

Քնելիս հեռախոսը բարձի տակ դնելը վատ գաղափար է, պնդում է Սիներգիա համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ստանիսլավ Կոսարեւը (Ռուսաստան):

«Փրայմ» գործակալության հետ զրույցում նա նշել է, որ եթե օրվա մեջ մի քանի ժամ հեռախոսը կողքին դրվի, ապա երկարաժամկետ հեռանկարում էլեկտրամագնիսական ալիքները բացասաբար կազդեն ուղեղի աշխատանքի վրա:

Մասնագետը խորհուրդ է տալիս սմարթֆոնի օգտագործումը դադարեցնել քնելուց առնվազն մեկ ժամ առաջ, քանի որ սարքի էկրանից ճառագայթումը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Դրանից բացի, եթե հեռախոսը չփոխանցվի անձայն ռեժիմի կամ «ինքնաթիռում» ռեժիմի, դա նյարդային համակարգի վրա բացասաբար կանդրադառնա:

Նյարդաբան Պյոտր Սոկովն իր հերթին նշել է, որ դա պայմանավորված է այն հանագամանքով, որ հաղորդագրությունները, իրազեկումները կարող են շեղել, երկարացնել խորը քնի անցումը, վատթարացնել քնի որակը: Մասնագետի խոսքով՝ քնի վերլուծության եւ մոնիթորինգի համար ավելի լավ է օգտագործել ֆիթնես ապարանջան կամ էլեկտրոնային ժամացույց՝ գիշերը իրազեկումներն անջատելով:

Նշենք, որ կա նաեւ անսարք մարտկոցի բռնկման վտանգը: Եվ չնայած վերջին տարիներին նման բան հազվադեպ է պատահում, չի կարելի ամբողջությամբ բացառել բռնկման եւ հեռախոսի պայթելու վտանգը: Ուստի ցանկալի է, որ քնելիս հեռախոսը լինի մարդուց հնարավորինս հեռու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում