Քաղցկեղը կարելի է թույնի օգնությա՞մբ բուժել

18 օգոստոսի, 2014  10:55

Իսպանացի գիտնականները իշամեղվի թույնի օգնությամբ քաղցկեղի բուժման հատուկ եղանակ են մշակել, հաղորդում է Science Daily-ն:

Կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտը (Բարսելոնա) ներկայացնող մասնագետները, մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի նպատակով իշամեղվի թույնից արտազատված ամինաթթուներ են կիրառել:  Հետազոտության՝ Journal of Controlled Release ամսագրում հրապարակված արդյունքներն այն մասին են վկայում, որ, ինչպես առաջատար հեղինակ Միգել Մորենեն է նշել, «իշամեղվի թույնից ստացված պեպտիդը բջջային մեմբրանում ծակոտիներ ձեւավորելու եւ ապոպտոզի (բջջի ծրագրային քայքայում) կամ նեկրոզի միջոցով քաղցկեղի ոչնչացում հրահրելու հատկություն ունի»:

Սակայն վերոհիշյալ հզոր բնական զենքը, բարձր տոքսիկության արդյունքում, չի կարող մարդու նկատմամբ կիրառվել, քանի որ հավասարապես նաեւ առողջ բջիջներին կարող է վնաս պատճառել: Կողմնակի ազդեցությունները նվազեցնելու նպատակով մասնագետները թունավոր նյութի՝ անմիջապես դեպի ուռուցքը առաքման մեթոդ են մշակել, ինչի շնորհիվ գործընթացը կարող է վերահսկելի դառնալ: Նորամշակ համակարգի հիմքում երկու բաղադրիչներ՝ բջջային ուռուցքի ռեցեպտորին միացված պեպտիդ եւ իշամեղվի ցիտոտոքսիկ պեպտիդ պարունակով պոլիմերային կրիչ է ընկած: Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ հիշյալ միացությունը ուռուցքային բջիջների շրջանում բարձր արդյունավետությամբ տարածվելու եւ դրանց քայքայումն ապահովելու հատկություն ունի, ինչի ընթացքում առողջ բջիջներն անվնաս են մնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում