Որքան ժամանակ անց են երեխաների մոտ COVID-19-ից հետո բորբոքային մուլտիհամակարգային համախտանիշի նշաններն անցնում

25 մայիսի, 2021  19:29

COVID-19-ի ծանր բարդություն համարվող բորբոքային մուլտիհամակարգային համախտանիշի (ԲՄՀ) նշանների մեծ մասը վերանում է վեց ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդվում է Lancet Child & Adolescent Health-ում հրապարակված ուսումնասիրության մեջ:

COVID-19-ից հետո մանկական բորբոքային մուլտիհամակարգային համախտանիշի (ՄԲՄՀ) նշանները գիտնականներն առաջին անգամ նկարագրել են 2020-ի գարնանը: SARS-CoV-2-ի այս բարդությունը զարգանում է այն բանից հետո, երբ մարդը սուր վարակ է տարել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս խնդրին ոչ միայն երեխաները կարող են բախվե, այլ նաեւ՝ մեծահասակները:

Բրիտանացի գիտնականները զննել են ԲՄՀ-ով 64 երեխաների, որոնք 2020 թվականի ապրիլից սեպտեմբեր բուժվել են Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում: Մասնակիցների միջին տարիքը 10 տարեկան է եղել: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են ՄԲՄՀ-ի համար, սակայն զննումների 6 ամիսների ընթացքում ուսումնասիրության մասնակիցներից ոչ ոք չի մահացել: Բարդության սուր փուլում երեխաներն առավել հաճախ են տառապել աղեստամոքսային համակարգի, նյարդային համակարգի եւ սրտային ախտանիշներից:

6 ամիս անց երեխաների մոտ ՄԲՄՀ-ի գրեթե բոլոր ախտանիշներն անցել են, համակարգային բորբոքումն անհետացել է բոլոր մասնակիցների մոտ, բացի մեկից: Երկու երեխայի մոտ էխոկարդիոգրամայի միջոցով բժիշկները պաթոլոգիա են հայտնաբերել, վեցի մոտ պահպանվել են աղեստամոքսային ախտանիշները։

Ուսումնասիրության ավարտին գիտնականները 18 երեխաների մոտ ոչ մեծ նյարդաբանական շեղումներ են հայտնաբերել: Սակայն դրանք չեն ազդել առօրյա գործողություններ կատարելու ունակության վրա: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փոքրիկ պացիենտների մոտ աստիճանաբար մեծացել է մկանային ուժը, բայց նրանցից ոմանք ավելի դանդաղ են քայլել, քան ենթադրում է տարիքային նորմը: Բոլոր երեխաները, բացի մեկից, վերադարձել են դպրոցում ուսումնառության սովորական ռեժիմին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում