Ովքե՞ր եւ ե՞րբ պիտի ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափերը

29 նոյեմբերի, 2021  13:45

Կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ՝ երրորդ դեղաչափը խորհուրդ է տրվում ստանալ առաջին երկու դեղաչափերը ստանալուց 6 ամիս անց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, մասնագետները կազմել են կորոնավիրուսի դեմ խթանիչ պատվաստման սխեմա, համաձայն որի, եթե քաղաքացիները առաջին երկու դեղաչափը ստացել են ոչ mRNA պատվաստանյութ (Moderna կամ Pfizer), ապա խթանիչ պատվաստման համար խորհուրդ է տրվում mRNA պատվաստանյութ ստանալ: Նախարարի խոսքով, այդպես պատվաստման ավելի բարձր արդյունավետություն է գրանցվում:

Ինչպես նշեց Ավանեսյանը, ցանկալի է, որ խթանիչ պատվաստումները առաջին հերթին ստանան ռիսկի խմբերը՝ 65-ից բարձր քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները եւ բուժաշխատողները:

Խթանիչ դեղաչափ ստանալը, նախարարի խոսքով, այս պահի դրությամբ դեռ պարտադիր չի, բայց առաջիկայում ըստ իրավիճակի կարող են նոր որոշումներ ընդունվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում