Շատերի մոտ սթրեսի պատճառով որովայնը սկսում է մեծանալ։ Սննդաբան Լյուբով Պիշչալկինայի (Ռուսաստան) կարծիքով՝ դրա մեղավորը կորտիզոլ հորմոնն է։
Կորտիզոլը սթրեսի հորմոն է, եւ երբ այն շատ է արտադրվում, օրգանիզմը սկսում է ավելի արագ մաշվել եւ ծերանալ: Կորտիզոլը հատկապես բացասաբար է ազդում անոթների եւ սրտի վրա։ Կորտիզոլը նաեւ որովայնի մեծացման է հանգեցնում: Ավելին, խնդիրն այն է, որ, որպես կանոն, դուք չեք կարող կորտիզոլային որովայնից «ազատվել» դիետայի եւ վարժությունների միջոցով:
«Կորտիզոլը պաշտպանիչ հորմոն է։ Երբ մենք վտանգի մեջ ենք, մեզ ամուր ոտքեր եւ ձեռքեր են պետք՝ վազելու համար, իսկ ճարպը պաշար է սոված օրվա համար: Պահպանված ճարպը պաշտպանում է կենսական օրգանները եւ ապահովում սնուցումը: Որովայնն իդեալական տեղ է»,- ասել է մասնագետը։
Ժամանակակից մարդը մեծ սթրեսի է բախվում, եւ կորտիզոլը հաճախ մնում է նրա օրգանիզմում: Արդյունքում երիտասարդանում են, այսպես կոչված, ծերության հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, օստեոպորոզը եւ սրտանոթային պաթոլոգիաները։
Կորտիզոլի ազդեցության տակ օրգանիզմը բառացիորեն մաշվում է: Բայց այս հորմոնի կործանարար ազդեցությունը, ըստ փորձագետի, կարելի է նվազեցնել.
փորձեք գլխանց սթրեսի մեջ չընկնել, եթե տհաճ իրավիճակն անխուսափելի է, շատ մի մտածեք դրա մասին եւ մանրամասն մի քննարկեք այն, սահմանափակեք շփումը կասկածելի մարդկանց եւ պանիկյորների հետ, փորձեք քնել օրական առնվազն 8 ժամ, արագ հանգստանալու համար շնչառական վարժություններ կիրառեք, ավելի հաճախ ժամանակ անցկացրեք արեւի տակ եւ դրսում, սնվեք լիարժեք. սննդակարգը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ եւ ճարպեր, ինչպես նաեւ միկրոէլեմենտներ պարունակի:Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում