Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թերագնահատե՞լ է Էբոլայի վտանգը

3 սեպտեմբերի, 2014  11:02

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ Էբոլա հեմոռագիկ տենդի ներկայացրած սպառնալիքը թերագնահատվել է:

«40 տարի առաջ հիվանդության բռնկումները Աֆրիկայի հեռավոր շրջաններում էին նկատվում, սակայն այսօր, երբ մարդիկ տեղաշարժվելու առավել լայն հնարավորություններ ունեն, համաճարակը նոր թափով բռնկվելու հնարավորություն է ձեռք բերել», - հայտարարել է Չենը՝ թեմայի շուրջ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում: ԱՀԿ-ի ղեկավարի գնահատմամբ, ամենամեծ խնդիրը կարանտինի երկարատեւության մեջ է կայանում, ինչը Էբոլայով վարակման դեպքում կարող է 21 օր կազմել, այլ ոչ՝ երեք, ինչպես այլ՝ վարակիչ հիվանդությունների մեծամասնության պարագայում է նկատվում: «Անչափ դժվար է մարդկանց այդքան երկար ժամկետով մեկուսացման մեջ պահել», - նկատել է նա:

Իր հերթին, ՄԱԿ-ի՝ Էբոլա տենդի հարցերով հատուկ հանձնակատար Դեւիդ Նաբարոն խոստովանել է, որ վիրուսը, տարածման տեմպերով, առաջ է անցել բժիշկների հակազդեցությունից, հաղորդում է AFP-ն:

Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Ժոաննա Լյուն դատապարտանքի խոսք էր հղել աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին՝ Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակի դեմ անգործություն դրսեւորելու համար:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայումս Էբոլա մահացու վիրուսով վարակման դեպքերի թիվը առնվազն 3 հազար է կազմում, որոնցից 1552-ը՝ մահվան ելքով: Կազմակերպությունը ներկայացնող փորձագետները մտահոգություն են հայտնել, որ առաջիկայում վարակվածների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում