Հայաստանում գործում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Նպատակը` բուժաշխատողների պարտադիր շարունակական կրթության ապահովում, մասնագիտական նոր հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:
Ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջը սահմանված է Օրենքով:
Ըստ այդմ`
Հավաստագրումը ՇՄԶ արդյունքների գնահատման և հավաստագրի տրամադրման ընթացակարգն է: ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը` յուրաքանչյուր շրջափուլի համար`
ավագ բուժաշխատողներ (բժիշկներ)` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետներ՝ առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողներ (բուժքույր, բուժակ)՝ առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործներ՝ առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:Գործում է ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:
Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար: Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար: Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:Հավաստագրման առաջին շրջափուլն ընդգրկում է 2016 թվականի մայիս 4-ից 2023 թվականի հունվարի 1-ը:
Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում