Գիտնականները բացահայտել են կապն անքնության ախտանշանների եւ ճանաչողական գործառույթների միջեւ

22 մայիսի, 2022  09:37

Հելսինկիի համալսարանում անցկացված հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են միջին տարիքում անքնության առաջացման ախտանշանները եւ դրանց ազդեցությունը հիշողության, սովորելու ունակության եւ ուշադրության կենտրոնացման վրա թոշակի անցնելուց հետո: Ուսումնասիրության ժամանակահատվածը կազմել է 15-17 տարի, գրում է News Medical Life Sciences-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ երկարատեւ անքնության ախտանշանները եւ ճանաչողական գործառույթի վատթարացումն ավելի ուշ շրջանում հստակ կապ ունեն: Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ հիշողության, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման  հետ կապված խնդիրները ավելացել են անքնության ախտանշանների տեւողության հետ մեկտեղ:

Նախկին ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ կան մի շարք մեխանիզմներ, որոնք կարող են բացատրել, թե ինչպես քունը կարող է ազդել ճանաչողական գործառույթների վրա:  

Հետազոտության արդյունքում պարզվել է նաեւ, որ եթե անքնության ախտանշանները ժամանակի հետ մեղմանում են, ապա ճանաչողական գործառույթները հետագա տարիներին նույնպես բարելավվում են: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում