Ֆրանսիայի դեսպանատունը խոչընդոտո՞ւմ է 3-ամյա Իգորի բուժմանը

12 սեպտեմբերի, 2014  13:52

Երեքուկես տարեկան Իգորը ծնողների միակ եւ երկար սպասված զավակն է: Նրա մի աչքը չի տեսնում, իսկ երկրորդի ցանցաթաղանթը պոկվելու սպառնալիքի առաջ է կանգնել: Այդուհանդերձ, իրադրությունը դեռ կարելի է Ֆրանսիայում իրականացվող բարդ վիրահատության արդյունքում փրկել: Ընդ որում, վիրահատության համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան՝ ֆրանսիական բուժհաստատություններից մեկն այն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել, իսկ պահանջվող գումարն ընտանիքն արդեն ձեռք է բերել (շնորհիվ մի քանի բարի մարդկանց), վիրահատության օրն էլ նշանակվել է: Միայն թե մուտքի արտոնագիր չկա, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պետք է հատկացնի:

Երեխայի ընտանիքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը դեսպանատուն է ներկայացրել: Այդուհանդերձ, ֆրանսիական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները չեն շտապում վիրահատության մեկնելու թույլտվությունը տալ: Ծնողները երեխային միայնակ Ֆրանսիա ուղարկելու եւ ինչ-որ ֆրանսիական ընտանիքի խնամքին հանձնելու առաջարկ են ստացել: Կամ էլ նրանցից մեկնումեկը պետք է երեխայի հետ մեկնի, բայց ոչ՝ երկուսը միասին: Ինչպես Իգորի հայրը՝ Ռոման Զաքիյանն է լրագրողներին բացատրել, մեկ ծնողի համար դժվար կլինի վիրահատությունից հետո երեխայի խնամքով զբաղվել, քանի որ մշտապես նրա կողքին պետք է գտնվի, իսկ եթե որեւէ բանի՝ այս կամ այն իրերը/դեղամիջոցները ձեռք բերելու անհրաժեշտություն առաջանա, ստիպված է լինելու մենակ թողնել երեխային: Բացի այդ, նման ծանր իրադրության պայմաններում ամուսինները կարող էին աջակցել միմյանց եւ երեխային:

Իսկ ինչո՞ւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ողջ ընտանիքին վիրահատության մեկնելու թույլտվություն չի տրամադրում: Մերժման պաշտոնական պատճառը ոչ ոք չգիտի, սակայն կարելի է ենթադրել, որ մտահոգություններ կան, թե, Հայաստանը ողջ կազմով լքելուց հետո ընտանիքի մոտ Ֆրանսիայում մնալու ցանկություն կարող է առաջանալ: 

«Ինձ միայն մեկ բան է հարկավոր՝ որպեսզի երեխաս նորմալ տեսնի», - լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Իգորի հայրը: Բնականաբար, նա ի լուր ողջ երկրի հայտարարել է, որ Ֆրանսիայում մնալն իր պլանների մեջ չի մտնում եւ միայն ու միայն տեսողությունը կորցնող երեխայի առողջությամբ է մտահոգված:

Ռոման Զաքիյանը նաեւ հավաստիացրել է, որ մեծ հաճույքով վիրահատությունը Հայաստանում իրականացնելու համաձայնություն կտար, սակայն խնդիրը նրանում է կայանում, որ մեզ մոտ նման վիրահատություններ չեն իրականացվում: Այն պահից ի վեր, երբ երեխայի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել, ծնողները տեղական բուժհաստատությունների օգնությանն են դիմել, որտեղ նրանց հավաստիացրել են, որ Հայաստանում երեխային օգնելու հնարավորություն չկա՝ հարկավոր է Ռուսաստան գնալ: Մոսկվայում եւս, Իգորին հետազոտելուց հետո, մասնագետներն այն եզրահագնման են եկել, որ միայն եվրոպական կլինիկաներում կարելի է պահանջվող բուժումը գտնել: Դրանից հետո ծնողները մի քանի եվրոպական կլինիկաների օգնությանն են դիմել եւ կարճ ժամանակ անց Ֆրանսիայից պատասխան ստացել:

Վիրահատությունը հոկտեմբերի 3-ին է նշանակված, սակայն երեխան պետք է սեպտեմբերի 26-ին արդեն Փարիզում լինի՝ մինչ այդ մի շարք հետազոտությունների ենթարկվելու համար: Այսինքն՝ հաշված օրեր են մնում:

Եռամյա Իգորի մեկ աչքն անդառնալիորեն է կուրացել՝ փրկելու հույս արդեն չկա, քանի որ օրգանն այլեւս չի աճում: Սակայն երկրորդ աչքը դեռ կարող է տեսնել, եթե վիրահատության հետ կապված ձգձգումներ չլինեն: Կարեւորն իսկապես այն է, որ չուշանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում