Հալյուցինոգեն սնկերը՝ ծխելու սովորությունից հրաժարվելու միջո՞ց

13 սեպտեմբերի, 2014  11:31

Ջոնս Հոպկինսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները անսպասելի բացահայատում են արել. պարզվում է՝ կոգնիտիվ վարքագծային թերապիայի եւ պսիլոցիբինի օգնությամբ կարելի է ծխելը թողնելու անհաջող փորձեր կատարող մարդկանց այդքան անհրաժեշտ օգնությունը տրամադրել: Հետաքրքրականն այն է, որ հիշյալ միացությունը հալյուցինոգեն սնկերում է առկա, մեկնաբանում է Headlines & Global News -ը:

Փորձագետները պսիլոցիբինի ազդեցությունը 15 թունդ ծխողների՝ 10 տղամարդկանց եւ 5 կանանց նկատմամբ են փորձարկել: Վերջիններս, մինչ հետազոտության մեկնարկը, 31 տարի շարունակ օրական միջինը 19 գլանակ են ծխել եւ վնասակար սովորությունից հրաժարվելու բազմաթիվ անհաջող փորձեր արել: Մասնակիցների երկու երրորդը նաեւ որոշ ժամանակ պսիխոդելիկներ են օգտագործել՝ զվարճանքի համար:

Գիտնականները նախապես թմրանյութի ազդեցությամբ ի հայտ եկող զգացողություններն են կամավորներին ներկայացրել եւ ծխախոտից հրաժարվելու առաջին օրն իսկ դեղահաբի տեսքով պսիլոցիբին տրամադրել: Բացի այդ, թմրանյութն ընդունելուց հետո, մասնակիցներն առնվազն 6 ժամ, գիտնականների հետ միասին, կենցաղային միջավայրում են անցկացրել՝ լարվածությունը թուլացնելու համար: Ընդ որում, հետազոտության մեկնարկից 2 եւ 8 շաբաթ անց գիտնականները դեղաչափի ավելացում են նախաձեռնել, իսկ զուգահեռաբար էլ՝ կոգնիտիվ վարքագծային թերապիայի անհատական կուրսեր կազմակերպել: Կամավորները, մասնավորապես, օրագիր պահելու պայմանով են հետազոտությանը մասնակցել՝ պարզելու համար, թե հատկապես ինչը կարող է ծխելու ցանկություն առաջացնել:

6 ամիս անց թմրանյութ ընդունած մասնակիցների 80 տոկոսը վերջնականապես հրաժարվել է ծխելու սովորությունից: Իսկ ահա ծխախոտից կախվածության դեմ կիրառվող դեղամիջոցի՝ վարենիկլինի օգնությանը դիմածների թվում ցանկալի արդյունքի հասածների բաժինը 35 տոկոս է կազմել: Այլ մեթոդների կիրառման պարագայում, որոնց շարքում կարելի է նիկոտինի փոխարինողական թերապիան առանձնացնել, հաջող ելքերի բաժինը նույնիսկ 30 տոկոս չի կազմել:

Իսկ ահա պսիլոցիբինի հականիկոտինային ազդեցությունը նույնիսկ նիկոտինային ազդության վերացումից հետո է պահպանվել: Ի միջի այլոց, խնդրո առարկա միացությունը նույնիսկ դեպրեսիայի բուժմանը միտված փորձարկումների ընթացքում է խոստումնալից արդյունքներ ցույց տվել:

Փորձագետներն առաջիկայում մտադիր են պսիլոցիբինը նիկոտինային սպեղանիների հետ համեմատել եւ, երկուսի ազդեցության մեխանիզմները պարզելու համար, մասնակիցների ուղեղի մագնիսա-ռեզնոնսային պատկերում իրականացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում