Սիերա-Լեոնեում եւս մեկ բժիշկ է Էբոլա հեմոռագիկ տենդի զոհը դարձել

15 սեպտեմբերի, 2014  10:23

Արեւմտյան Աֆրիկայում գտնվող Սիերա-Լեոնեի հանրապետության տարածքում չորրորդ բժիշկն է Էբոլա հեռոռագիկ տենդի զոհը դարձել: Տեղեկությունը, երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին վկայակոչմամբ, Ֆրանս Պրես գործակալությունն է հաղորդել:

«Տենդի դեմ պայքարող եւս մեկ նվիրյալ մարտիկի մահը մեծ կորուստ է մեզ համար», - գործակալությանը տված հարցազրույցին նշել է նախարարության ներկայացուցիչ Բրիմա Կարգբոն (Brima Kargbo):

Սիերա-Լեոնեում մոլեգնող տենդի հերթական զոհը դարձած բուժաշխատողը՝ դոկտոր Օլիվիա Բակը, նաեւ առաջին կինն է՝ գործընկերների շարքում: Թեեւ մահացու վտանգավոր վիրուսը նաեւ շուրջ 50 բուժքույրերի կյանք է խլել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին հաղորդման համաձայն, Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2,4 հազար է կազմում, վարակվածներինը՝ ավելի քան 4,7 հազար: Կազմակերպության գնահատմամբ, համաճարակը շարունակում է Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում շեշտակի աճ գրանցել:

Առայժմ մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման դեպքեր Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Սենեգալում են գրանցվել: Տենդի մահացության մակարդակը 53 տոկոս է կազմում: Վիրուսի դեմ կլինիկական բոլոր փորձարկումներն անցած արդյունավետ պատվաստանյութ դեռեւս գոյություն չունի: Ավելի վաղ ԱՀԿ-ն հիվանդության բուժման նպատակով փորձարարական դեղամիջոցների կիրառությունը «էթիկայի կանոններին համապապասխան» էր ճանաչել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում