ԱՄՀ-ն պատրաստ է Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի համար 127 մլն ԱՄՆ դոլար հատկացնել

18 սեպտեմբերի, 2014  11:55

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդը մտադիր է Էբոլա հեմոռագիկ տենդից առավել տուժած՝ Արեւմտյան Աֆրիկայում գտնվող երեք երկրներին՝ Գվինեային, Սիերա-Լեոնեին եւ Լիբերիային 127 մլն ԱՄՆ դոլարի չափով օժանդակության հատկացման հարցը քննարկել: 

«Երեք երկրների կառավարությունները ԱՄՀ-ից հավելյալ օժանդակություն են խնդրել, քանի որ համաճարակի արդյունքում ֆինանսավորման սուր անհրաժեշտության են բախվել», - նշվում է կազմակերպության վերահսկիչ տնօրեն Քրիստին Լագարդի հայտարարության տեքստում: ՌԻԱ-Նովոստիի հաղորդմամբ, ԱՄՀ-ի ղեկավարը նաեւ Արեւմտյան Աֆրիկայի երկրներին օգնություն ցուցաբերելու՝ այլ միջազգային կառույցներին ուղղված կոչով է հանդես եկել:

Աշխարհի բոլոր երկրները ԱՄՀ օժանդակության ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն: Գվինեայի քվոտան 200 մլն դոլար է կազմում, Լիբերիայինը 80 մլն, իսկ Սիերա-Լեոնեինը՝ շուրջ 96 մլն:

Ավելի վաղ ԱՄՀ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Էբոլայի համաճարակի պատճառով Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի՝ ՀՆԱ-ի մասով տնտեսական կորուստը կարող է 3-3,5 տոկոս կազմել: Հիմնադրամի գնահատմամբ, համաճարակը առավելապես հիշյալ երկրների գյուղատնտեսական եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներին է վնաս հասցրել: Բացի այդ, այն հարկերի հավաքագրման գործընթացն է բարդացնում եւ գնաճի բարձր տեմպեր հրահրում:

Հիշեցնենք, որ մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թիվը, ներկայիս դրությամբ, ավելի քան 2,4 հազար է կազմում, վարակվածներինը՝ 4,7 հազար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում