Շինաշխատանքներ են ընթանում 12 հիվանդանոցներում, նախատեսվում է 20 գյուղական ամբուլատորիաների նորոգում. առողջապահության նախարար

6 հոկտեմբերի, 2022  13:32

Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում 12 բժշկական կենտրոններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 6-ին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի պետական բյուջեով նախատեսված են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հաստատությունների բարեկարգման հետ։

«Սա շատ կարեւոր ուղղություն է, որովհետեւ ենթակառուցվածքի եւ հիվանդանոցային օղակի հագեցածության տեսակետից մենք հասնում ենք բավարարող մակարդակի, ինչը չի կարելի ասել առաջնային օղակի մասին։ Կապիտալ ծախսերը պետք է ուղղվեն դրան»,- ավելացրել է նա։

Ավանեսյանը տեղեկացրել է հաջորդ տարի 20 գյուղական ամբուլատորիաների լիակատար նորոգման եւ վերակառուցման կառավարության պլանների մասին։

«Բացի այդ, Երեւանում նույնպես իրականացվում են ծավալուն աշխատանքներ այս ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում