Աֆրիկայից վերադարձած իսպանուհու մոտ Էբոլա է կասկածվում

22 սեպտեմբերի, 2014  10:46

Սեպտեմբերի 21-ին Իսպանիայում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման կասկածանքով հոսպիտալացման դեպք է գրանցվել: Խոսքը, EFE գործակալության հաղորդմամբ, Սենեգալի հարավ-արեւելքում՝ Գվինեայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Կեդուգու մարզում կես տարի բնակված եւ վերջերս հայրենիք վերադարձած մի կնոջ մասին է, ով Մենորկա կղզու (Բալեարյան կղզիներ) հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել:

Մատեու Օրֆիլա հիվանդանոցի բուժանձնակազմի խնամքին հանձնված իսպանուհին այլ հիվանդներից մեկուսացման մեջ է պահվում: Ներկայումս, ախտորոշման հստակեցման նպատակով, բոլոր անհրաժեշտ մասնագիտական հետազոտություններն են իրականացվում, որոնք արդյունքները Մադրիդում գործող «Կառլոս III» հիվանդանոցի հետազոտական կենտրոն են ուղարկվելու: Իսկ հիվանդին էլ, բուժումը շարունակելու համար, առաջիկայում բժշկական ինքնաթիռով Պալմա-դե-Մայորկայի «Սոն Էսպասես» հիվանդանոց կտեղափոխեն:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, սեպտեմբերի 22-ին Սիերա Լեոնեից Իսպանիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռով հիշյալ աֆրիկյան երկրում Էբոլայով վարակված նաեւ մի հոգեւորական է հայրենիք տեղափոխվելու: Մանուել Գարսիա Վիեխոն վերջին 30 տարիներին Աֆրիկայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Սիերա-Լեոնեի արեւմուտքում գործող հիվանդանոցներից մեկում է աշխատել, որտեղ հեմոռագիկ տենդով վարակվածներն են բուժում անցնում: Հոգեւորականի խնամքով «Կառլոս III» հիվանդանոցի բուժանձնակազմն է զբաղվելու: Հիշեցնենք՝ խոսքն այն նույն հաստատության մասին է, որտեղ Լիբերիայում մահացու վտանգավոր տենդով վարակված մեկ այլ հեգեւորականի՝ Միգել Պախարեսի կյանքը փրկելու անհաջող փորձ էր արվել: Չնայած բոլոր ջանքերին, օգոստոսի 12-ին մահկանացուն կնքած հոգեւորականը վիրուսի առաջին եվրոպացի զոհն է համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում