Փետրվարի 4–ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը. Ինչ ծրագրեր են իրականացվում ՀՀ–ում այդ ոլորտում

4 փետրվարի, 2023  13:32

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։

ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ  10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են: Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Իրականացվող ծրագրերը 

2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։ Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում: Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար: Կարևորելով պալիատիվ բուժօգնության դերն ու նշանակությունը` Հայաստանում 2022 թվականին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատություններում: 2022թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում շուրջ 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:  2021 թվականին ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կենտրոնը: 2022 թվականին ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր պալիատիվ ծառայության կլինիկա: Վաղ ախտորոշման հաջողված գործիքներից են ապացուցողական հենք ունեցող սքրինինգային ծրագրերը: Շարունակվում է 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվել արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը` ՊԱՊ թեստի հետազոտությունները: 2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը: Շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 8 քաղաքներում` սպասարկելով համապատասխան տարածաշրջանների 50-69 տարեկան կանանց: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» աջակցությամբ: 2 տարում շուրջ 170 000 կին Լոռիից, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում: 2022 թվականին փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայում և Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի  սքրինինգային ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի: Բարեհաջող շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ I-III փուլ Her(+) պացիենտներին, անվճար տրամադրվում են շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում