Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին, որ այս տարի կայանալու է հուլիսի 6-8-ը, ներկա չեն լինի Արցախի բժիշկները՝ շրջափակման պատճառով: Համագումարին արցախցի բժիշկները կմասնակցեն հեռավար:
Այսօր՝ հուլիսի 5-ին կալացած մամուլի ասուլիսի ժամանակ համագումարի համանախագահ, ԱՄՆ-ում ապրող բժիշկ Գևորգ Յաղջյանը նշեց, որ դեռեւս 2019-ին համագումարի համար առաջարկվել է ֆորմատ, որտեղ լինելու են երեք համանախագահներ. մեկը Հայաստանից, երկրորդը կներկայացներ Սփյուռքը եւ երրորդը կհամակարգեր Արցախի մասը:
«Համագումարի նպատակն էր միավորել այս երեք մասերը: Հուլիսի 8-ը ամբողջությամբ նվիրված է լինելու Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանը: Ցավոք սրտի, չենք կարող բերել Արցախի բժիշկներին, սակայն համագումարը պատրաստ է նրան, որ բոլոր պլենար սեկցիաները, սիմպոզիումները հեռարձակեն Արցախում: Բժիշկները հավաքվելու են մեկ տեղում, հնարավորություն են ունենալու միանալ, հետեւել», — ասաց նա:
Հարցին, թե արդյոք համագումարի մասնակիցների կողմից կլինի առաջարկ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով մեկնել Արցախ եւ այնտեղ կատարել վիրահատություններ, որի կարիքն ունեն շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները, եւ արդյոք համագումարը այս առիթով հանդես կգա հայտարարությամբ՝ դիմելով աշխարհում իր գործընկերներին, բժիշկ Յաղջյանը պատասխանեց.
«Ամեն ինչ պատրաստ է, քննարկված է, խոսել ենք դեսպանների հետ: Մենք հուլիսի 8-ին, համագումարի փակման ժամանակ կոմյունիկեով հանդես կգանք, որը կուղարկվի բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՅՈՒՆԻՍԵՖ եւ այլն: Բոլոր բժիշկները, որ ներկա կլինեն դահլիճում, կստորագրեն:
Բացի այդ, հանդիպում ենք ունենալու ամսի 6-ին Արցախի ԱԳ նախարարի հետ: 15 հոգով ենք գնալու, ամեն երկրից վերցնելու ենք մեկ բժիշկ: Նախարարը կներկայացնի այսօրվա վիճակը, կներկայացնի, թե երբ բժիշկները վերադառնան իրենց երկրները, ինչպես ներկայացնեն իրավիճակը: Եթե կարողանանք տարբեր երկրների դեսպանատներին խնդրեինք, որ իրենց երկրների բժիշկներին հանդիպեն եւ նրանցից ստանան այդ կոմյունիկեն, դա հրաշալի կլինի: Պատկերացրեք, հարվարդի համալարանի պրոֆեսոր Ռոջեր Հաջարը հանդիպի իր դեսպանին եւ ասի այդ ամենի մասին: Սա կարեւոր բաղադրիչ է»:
Նա նաեւ հավելեց, որ առաջին անգամ որոշել են մրցանակներ տալ, որոնց շարքում լինելու է հումանիտար մրցանակ՝ Արցախի եւ դրա բնակիչների համար կատարված աշխատանքի համար. «Չենք ասում անունը, թե ով է ստանալու: Անունը պարզ կլինի համագումարի բացման ժամանակ»:
Իր հերթին համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշեց, որ մենք լռելու իրավունք չունենք. Նա հիշեցրեց, որ երբ բետոնե պատնեշներով փակվեց Արցախի ճանապարհը, բժիշկների համայնքը հասավ նրան, որ դրա հաջորդ օրը ռուս խաղաղապահների ուղղաթիռով երեխա տեղափոխվեց Արցախից Հայաստան. «Երկու օր հետո Հայաստանից բժիշկը գնաց Արցախ: Սա նշանակում է, որ մենք պայքարում ենք բոլորի հետ հավասար հանուն Արցախի»:
Նշենք, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը կկայանա Երեւանում՝ հուլիսի 6-8-ը:
Համագումարին և դրա շրջանակում տեղի ունեցող 23 սատելիտային սիմպոզիումներին մասնակցելու են առողջապահական և բժշկական ոլորտի շուրջ 2000 ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Սփյուռքից։
Համագումարի պլենար բանախոսների թվում են համաշխարհային հռչակ վայելող մասնագետներ Ջոն Բիլեզիկյանը, Վիկեն Բաբիկյանը, Ռոջեր Հաջարը, Նոռա Փաշայանը, Յակոպո Բաուսսանոն, Շարոն Չեքիջյանը, Շանթ Շեխերդիմյանը, Ուէյն Գրոդին, Բագրատ Ալեքյանը, Արմեն Հարությունյանը, Ավագ Գահվեջյանը և Ռուբեն Վարդանյանը։ Արցախի բժիշկները համագումարին մասնակցելու են առցանց ձևաչափերով։
NEWS.am Medicine-ը Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի ինֆորմացիոն գործընկերն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում