Ատամներն ամեն օր մաքրելը նվազեցնում է թոքերի բորբոքման հավանականությունը. JAMA Internal Medicine

26 դեկտեմբերի, 2023  20:11

Ատամներն ամեն օր մաքրելը կարող է նվազեցնել ներհիվանդանոցային թոքաբորբի հավանականությունն ու ծանրությունը, հատկապես այն պացիենտների համար, որոնք միացված են թոքերի արհեստական շնչառությանը։ Ամփոփ հետազոտությունը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում։

Ներհիվանդանոցային է կոչվում այն թոքաբորբը, որն առաջ է գալիս պացիենտի մոտ հոսպիտալացումից 48 կամ ավելի ժամ հետո։ Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ կյանքի համար վտանգավոր այդ հիվանդության վտանգը նվազեցնել կարող է ատամների ամենօրյա մաքրումը։

Հեղինակներն ուսումնասիրել են 15 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 10 հազար պացիենտ։ Նրանք հայտնաբերել են, որ ատամների մաքրումը կապված է թոքաբորբի զգալիորեն ցածր վտանգի եւ մահացու ելքերի հետ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Ատամների մաքրումն առավել օգտակար է եղել այն պացիենտների համար, որոնց միացրել են թոքերի արհեստական շնչառության սարքին։

Ատամների մաքրումը կապված է եղել նաեւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ավելի կարճ ժամանակ գտնվելու հետ (միջին տարբերությունը կազմել է 1,78 օր)։ Սակայն որեւէ կապ չի հայտնաբերվել ատամների մաքրման եւ հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի բաժանմունքից դուրս գտնվելու կամ հակաբիոտիկների օգտագործման միջեւ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում