Չինական մարմնամարզությունն օգնում է իջեցնել ճնշումը. հետազոտություն

14 փետրվարի, 2024  10:47

Չինական թայ-չի մարմնամարզությունը հիպերտոնիայի դեպքում ավելի լավ է օգնում, քան աերոբիկ վարժությունները։ Սա վկայում է այն հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ  աերոբիկ վարժությունները (որոնք բարձրացնում են շնչառության հաճախակիությունն ու սրտի զարկերը) եւ թայ-չի մարմնամարզությունը կարող են կանխել հիպերտոնիայի առաջացումը նապահիպերտոնիա ունեցող մարդկանց մոտ։

Նոր հետազոտությունում գիտնականները որոշել են համեմատել երկու մոտեցում։ Փորձին մասնակցել է նախահիպերտոնիա ունեցող 349 կամավորական։ Մեկ տարվա ընթացքում նրանց կեսը շաբաթը չորս անգամ զբաղվել է թայ-չիով, մյուս կեսը՝ աերոբիկայով։ Պարապմունքը տեւել է մեկ ժամ։

Թայ-չիի խմբի կամավորականների ճնշումը միջինն իջել է 7,01 սնդիկի սյունով՝ աերոբիկ վարժությունների խմբի կամավորականների 4,61-ի համեմատ։ Նրանց մոտ ավելի քիչ է եղել հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։ Արդյունքները նշանակում են, որ չինական թայ-չի մարտարվեստը (ուշուի տարատեսակներից մեկը) կարող է պաշտպանել կյանքի համար վտանգավոր սիրտ-անոթային հիվանդություններից, այդ թվում ինֆարկտներից եւ ինսուլտներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում