MedicalXpress. Բուսական սննդակարգը սննդանյութերի պակաս չի առաջացնում

19 ապրիլի, 2024  20:19

Մայոյի կլինիկայի (Միացյալ Նահանգների խոշոր բժշկական և հետազոտական ​​կենտրոն) ընտանեկան բժիշկ Քրիստին Նգուենը  MedicalXpress-ին հայտնել է, որ մսամթերքից հրաժարվելը չի ​​հանգեցնում սննդանյութերի պակասի և իմունիտետի վատթարացման: Բուսական սննդի մեջ հայտնաբերված բազմաթիվ ֆիտոնուտրիենտները կարող են նույնիսկ բարձրացնել իմունային ֆունկցիան:

Ըստ բժշկի, բուսական սննդակարգի օգուտն ապահովող առանցքային գործոնը տարբեր տեսակի բուսական մթերքների հավասարակշռված օգտագործումն է, այլ ոչ թե կենդանական ծագման մթերքներից խուսափելու փաստը։ Ընկուզեղենը, լոբին և ընդեղենը պետք է կանոնավոր օգտագործվեն՝ օրգանիզմը բջջանյութով ապահովելու համար: Կարևոր է չմոռանալ ֆիտոնուտրիենտներով հարուստ բույսերի մասին։

Ֆիտոնուտրիենտները կենսաբանորեն ակտիվ նյութերի խումբ են, որոնք մրգերին և բանջարեղենին տալիս են յուրահատուկ գույն, համ  և հոտ: Դրանց թվին են պատկանում  կարոտինոիդները, ֆիտոստերոլները, ֆիտոէստրոգենները, ֆլավոնոիդները և քլորոֆիլները: Այս միացությունները ունեն հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն (օրգանիզմի բջիջները վնասվածքից պաշտպանելու ունակություն):

Նգուենը նշել է, որ պիգմենտային (վառ գույներով) բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները հարուստ են ֆիտոնուտրիենտներով։ Նրանց մյուս կարևոր գործառույթներից են պաթոգեն միկրոօրգանիզմների և քաղցկեղի բջիջների տարածման կանխումը, արյան իմունային բջիջների արտադրության խթանումը և տոքսինները մարմնից արդյունավետորեն հեռացնելու ունակությունը: Սա նշանակում է, որ նույնիսկ մսամթերքից ամբողջովին հրաժարվելու դեպքում, բուսական մթերքներով ճիշտ սնվելու դեպքում, մարդուն սննդանյութերի պակաս  և իմունային ֆունկցիայի թուլացում  չի սպառնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում