ԱՀԿ-ն տեղեկացրել է մայիսին մոտ 130 հազար մարդու կորոնավիրուսով վարակվելու մասին

18 հունիսի, 2024  10:39

Աշխարհում մոտ 130 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով եւ մոտ 1,9 հազարը մահացել է COVID-19-ից ապրիլի 29-ից մայիսի 26 ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Համաձայն նրա տեղեկության՝ աշխարհում ապրիլի 29-ից մայիսի 26 ընթացքում գրանցվել է քովիդով վարակման 129 889 դեպք, որոնցից 1 891-ն ավարտվել է մահվամբ։ Դա համապատասխանաբար 11 եւ 36 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ չորս շաբաթներին։ ԱՀԿ-ն  ընդգծել է, որ իր ունեցած տվյալները լիովին չեն արտացոլում հիվանդացության եւ մահացության մակարդակը COVID-19-ից՝ կապված թեստավորման ինտենսիվության եւ գենոմային սեքվենավորման նվազման հետ։

Չորս շաբաթում ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել քովիդով վարակման նոր դեպքերի մասին 94 երկրներից, իսկ մահվան դեպքերի մասին՝ 28 երկրներից։ Ռուսաստանից տեղեկություններ են ստացվել 45 662 վարակվածների մասին։ ՌԴ-ից բացի, նոր դեպքերի առավել շատ քանակով պետությունների հնգյակում են Ավստրալիան (19 638), Նոր Զելանդիան (13 245), Մեծ Բրիտանիան (10 540) եւ Թաիլանդը (7 355)։ ԱՄՆ-ում գրանցվել է չորս շաբաթում մահացածների ամենաբարձր թիվը՝ 1 319։ Հաջորդում են Ռուսաստանը (152), Նոր Զելանդիան (62), Ավստրալիան (50) եւ Չինաստանը (49)։

ԱՀԿ տվյալները վկայում են տարածաշրջաններում հիվանդացության ոչ միասեռ պատկերի մասին։ Հարավարեւելյան Ասիայում քովիդի նոր դեպքրի թիվն ավելացել է 43 տոկոսով, Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճը կազմել է 14 տոկոս։ Միեւնույն ժամանակ, Արեւելյան Միջերկրածովում գրանցվել է 52 տոկոսով հիվանդացության նվազում, Աֆրիկայում՝ 36, Եվրոպայում՝ 24, Ամերիկայում՝ 23 տոկոսով։

Ամենատարածված շտամը մնում է JN.1-ը։ Դրա առկայությունը բացահայտվել է 132 երկրներում։ Մասնագետները նշել են KP.2 եւ KP.3 շտամների աճի միտում, որոնք JN.1-ի «սերունդներն» են։ Ապրիլի 29-ից մայիսի 26 ընթացքում GISAID գենոմոնիթորինգի միջազգային համակարգն ստացել է տեղեկություններ 15 300 հետազոտությունների մասին կորոնավիրուսի գենոմի սեքվենավորման վերաբերյալ, այն դեպքում, երբ նախորդ երկու չորսշաբաթյա շրջաններում ստացվել էր ավելի շատ նման տեղեկատվություն՝ պետությունները GISAID-ին տեղեկացրել էին 18 312 եւ 24 317 հետազոտությունների մասին համապատասխանաբար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում