ԱՀԿ-ն հայտարարել է Սենեգալում Էբոլայի դեմ տարած հաղթանակի մասին

17 հոկտեմբերի, 2014  19:03

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Սենեգալը հայտարարել է Էբոլա վիրուսից ազատ գոտի:

Կազմակերպության տվյալներով՝ երկրում 42 օր տեւած կրկնակի ինկուբացիոն ժամանակաշրջանն ավարտվել է:

«Տղամարդը, ում մոտ հաստատվել էր վիրուսի առկայությունը, առողջացել է: Բացի այդ, նրա հետ շփում ունեցած 74 հոգուց ոչ մեկը չի վարակվել»,- կազմակերպության հաղորդագրությունն է մեջբերում Reuters գործակալությունը:

Միաժամանակ, չնայած տենդի համաճարակի պաշտոնական ավարտին, Սենեգալն իր աշխարհագրական դիրքի պատճառով շարունակում է խոցելի մնալ հիվանդության նոր դեպքերի հանդեպ:

Նիգերիայում համաճարակին հաղթելու մասին կարող են հայտարարել փոքր-ինչ ուշ՝ հոկտեմբերի 20-ին:

Էբոլա տենդի համաճարակը չեզոքացված է համարվում, եթե երկրում 42 օրվա ընթացքում՝ կրկնակի ինկուբացիոն ժամանակահատվածում, վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում