Ֆիզիկական ակտիվությունը 30 տոկոսով նվազեցնում է մահացու ելքի հավանականությունը դեմենցիայի ժամանակ. BJSM

31 հոկտեմբերի, 2024  15:34

Ցանկացած ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվությունը կապված է 30 տոկոսով մահացու ելքերի հավանականության նվազման հետ դեմենցիայով հիվանդների մոտ։ Այս մասին վկայում է British Journal of Sports Medicine-ում (BJSM) հրապարակված հետազոտությունը։

Գիտնականներն ուսումնասիրել են 60 հազար պացիենտների տվյալները Հարավային Կորեայից, որոնց մոտ հայտնաբերվել է դեմենցիա։ Մասնակիցների միջին տարիքը կազմել է 74 տարեկանը, նրանց երեք քառորդը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ, 12,5 տոկոսը՝ անոթային դեմենցիայով, մնացածների մոտ եղել են հիվանդության այլ ձեւեր։

Ֆիզիկական ակտիվությունը դեմենցիայի հայտնաբերումից առաջ եւ հետո կապված է եղել մահացու ելքի նվազման հետ։ Արդյունքը նկատվել է դեմենցիայի ցանկացած ձեւի եւ ցանկացած ինտենսիվության բեռնվածության դեպքում։ Ընդ որում, որքան ավելի շատ ժամանակ է մարդը նվիրել սպորտին, այնքան ավելի ցածր է եղել մահացու ելքի հավանականությունը։

Հետազոտությունը չի ապացուցում պատճառահետեւանքային կապը մարզումների եւ մահացու ելքի հավանականության նվազման միջեւ։ Սակայն գիտնականները խորհուրդ են տվել զբաղվել թեթեւ ակտիվությամբ շաբաթը հինգ անգամից ոչ քիչ, առնվազն 30 րոպեով, կամ ինտենսիվ՝ շաբաթը երեք եւ ավելի անգամ 20-ական րոպեով։ Նրանց մոտ, ովքեր համապատասխանել են այս չափորոշիչներին, մահացու ելքի հավանականությունը 30 տոկոսով ավելի ցածր է եղել, քան սակավաշարժ կենսակերպ վարողների մոտ։

Վազքը, աերոբիկան, արագ հեծանիվ վարելը եւ բարձրություն ելնելը ավելի քան 20 րոպեի ընթացքում սահմանվել են որպես բարձր ինտենսիվությամբ վարժություններ։ Չափավոր ինտենսիվության ակտիվությունը ներառել է արագ քայլքը, թենիսը եւ հեծանիվ քշելը սովորական տեմպով ավելի քան 30 րոպե։ Թեթեւ ինտենսիվության վարժություն է քայլքը ավելի քան 30 րոպե։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում