ԱՄՆ-ում երեք մարդ Էբոլայի կասկածանքով տեղափոխվել է հիվանդանոց

22 հոկտեմբերի, 2014  19:11

ԱՄՆ-ում Էբոլա տենդի կասկածանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Էբոլայի ախտանշանները բացահայտվել են Արեւմտյան Աֆրիկայի երկրներից ժամանած ուղեւորների վերահսկողության նոր միջոցառումների արդյունքում: Այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի մամուլի քարտուղար Քերոլ Քրոուֆորդը:

Ըստ The Record պարբերականի տվյալների, մեկ ուղեւորը Բրյուսելի տարանցիկ ուղիով Նյուարք է ժամանել Լիբերիայից: Իսկ CBS Chicago-ի տեղեկացմամբ, Չիկագոյի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխված երկու ուղեւորները, որոնցից մեկը երեխա է, նույնպես ժամանել են Լիբերիայից:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Լիբերիայից, Սիերա-Լեոնեից եւ Գվինեայից ուղեւորների ընդունող օդանավակայանների թիվը հասցրել էին հինգի: Բացի այդ, Էբոլա վիրուսի լրացուցիչ ստուգումներ էին սահմանվել այդ երկրներից ժամանողների համար: Նշված միջոցառումները սահմանվել են՝ ԱՄՆ-ի տարածքում Էբոլա վիրուսի տարածումը կանխելու, ինչպես նաեւ ամերիկացի ուղեւորների շրջանում աճող խուճապը նվազեցնելու համար: Ուղեւորները երկու անգամ բուժզննում են անցնելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում