Երեւանում մեկնարկել է մանկական անեսթեզիոլոգիայի սիմպոզիումը

25 հոկտեմբերի, 2014  12:46

Երեւանում այսօր, հոկտեմբերի 25–ին, մեկնարկել է մանկական անեսթեզիոլոգիայի երկրորդ սիմպոզիումը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Արաբկիր» ԲԿ-ի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի Վիրահատական բլոկի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Խաչատուր Քյուրքչյանն է պատմել, առաջին անգամ նման սիմպոզիում կազմակերպվել էր 2011 թվականին:

Սիմպոզիումի ընթացքում զեկույցներ են ներկայացվելու մանկական անեսթեզիոլոգիայի ֆունդամենտալ թեմաների շուրջ: Մասնավորապես, Խաչատուր Քյուրքչյանի խոսքով, քննարկվելու է, թե ինչպես է պետք գնահատել հիվանդի վիճակը՝ նախքան վիրահատությունը, ինչպես է պետք նրան վիրահատությանը նախապատրաստել, ինչ բարդություններ կարող են լինել եւ ինչ մոտեցումներ են անհրաժեշտ՝ դրանցից խուսափելու համար:

Սիմպոզիումին մասնակցում են հայաստանցի մանկական անեսթեզիոլոգները եւ հյուրեր այլ երկրներից, մասնավորապես՝ Օգանես Գեոդակյանը՝ Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցից (Ռուսաստան), եւ Մարկուս Վայսը՝ Ցյուրիխի համալսարանական կլինիկայից (Շվեյցարիա): Խաչատուր Քյուրքչյանի խոսքով՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնը արդեն մի քանի տարի շարունակ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական կլինիկայի հետ, եւ այդ համագործակցության շնորհիվ հայ անեսթեզիոլոգները կարեւոր գիտելիքներ եւ օգնություն են ստացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում