Աֆրիկացիները միառժամանակ Ավստրալիա մուտք գործելու արտոնագիր չեն ստանա

28 հոկտեմբերի, 2014  16:03

Ավստրալիայի իշխանությունները, Էբոլա հեմոռագիկ տենդի՝ երկրում տարածումը կանխարգելելու նպատակով, Արեւմտյան Աֆրիկայի երկրների քաղաքացիներից ստացված՝ մարդասիրական կամ իմիգրացիոն նկատառումներով մուտքի արտոնագիր ձեռք բերելու հայցադիմումներն անպատասխան թողնելու մասին որոշում են կայացրել: Այս մասին տեղեկությունը, Medical Daily-ի վկայակոչմամբ, երկրի ներգաղթի նախարար Սքոթ Մորիսոնն է հաղորդել:

Ավստրալիայում մինչ այժմ մահացու վտանագավոր հիվանդությամբ վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Թեեւ վարակակիր լինելու կասկածով հոսպիտալացումներ եղել են, որոնցից վերջինը նախօրեին 18-ամյա աֆրիկացի կնոջ նկատմամբ է ի իրականացվել: Բոլոր դեպքերում բժշկական հետազոտությունների արդյունքում վիրուսի առկայությունը հերքվել է:

Նախարարի հաղորդմամբ, մինչ կառավարության որոշման պահը մուտքի արտոնագիր ձեռք բերած եւ դեռեւս Ավստրալիա չժամանած աֆրիկացիները երկրի սահմանները հատելուն պես պետք է 21 օր տեւողությամբ կարանտինի հանձնվեն:

Ընթացիկ տարվա մարտ ամսից Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող համաճարակի զոհերի թիվը, վերջին տվյալներով, շուրջ 5 հազարի է հասնում:

Տենդի ինկուբացիոն շրջանը կարող է մինչեւ 3 շաբաթ տեւել, որից հետո գլխավոր ախտանշանները՝ բարձր ջերմությունը, փսխումն ու փորլուծություն են ի հայտ գալիս, իսկ հիվանությունն էլ սկսում է վարակիչ դառնալ: Վիրուսը մարդուց մարդու օրգանիզմից արտանետված հեղուկ զանգվածների, մասնավորապես՝ արյան եւ թքի միջոցով է անցնում: 

Հատկանշական է, որ պաշտոնական Կանբերրան 18 մլն ավստրալական դոլար (15,8 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ հիվանդության դեմ միջազգային պայքարին, բայց եւ որոշ բժշկական շրջանակների ու ընդդիմադիր օրենսդիրների քննադատությանն արժանացել՝ վտանգավոր հիվանդությամբ վարակված տարածաշրջան մասնագիտացված խմբեր չուղարկելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում