• Latest news

Ճապոնիայում «հաղթել» են կաթվածը ցողունային բջիջների օգնությամբ

1 ապրիլի, 2025  13:44

Կեյո համալսարանի գիտնականները բարելավել են ողնուղեղի վնասվածքներից առաջացած կաթված ունեցող պացիենտների շարժունակությունը: Բուժման նոր մեթոդը հիմնված է հատուկ iPS-բջիջների ներմուծման վրա, որոնք նպաստում են վնասված հյուսվածքի վերականգնմանը։ Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Մեթոդը հիմնված է ինդուկտիվ պլյուրիպոտենտ ցողունային բջիջների (iPS-բջիջների) օգտագործման վրա, որոնք ստացվում են չափահաս մարդու բջիջներից (օրինակ՝ մաշկից կամ արյունից) եւ վերածրագրավորվում այնպես, որպեսզի դրանք կարողանան վերածվել նյարդային բջիջների։

Փորձի ընթացքում երկու միլիոն iPS-բջիջ է ներարկվել 60 տարեկանից բարձր չորս տղամարդու, որոնք բուժումից 2-4 շաբաթ առաջ ողնուղեղի վնասվածքներ էին ստացել: Արդյունքները հուսադրող էին. նախկինում ամբողջովին անդամալույծ պացիենտներից մեկին հաջողվել է նորից ոտքի կանգնել եւ սկսել վերականգնողական կուրս՝ նպատակ ունենալով քայլելու ունակության վերականգնումը: Մեկ այլ մասնակցի մոտ սկսել են շարժվել ձեռքերը եւ ոտքերը:

Գիտնականները նշել են, որ շարժողական ֆունկցիաների վերականգնման հավանականությունը մոտ 50 տոկոս է: Բջիջների ներմուծումից հետո մեկ տարվա ընթացքում պացիենտները լուրջ կողմնակի ազդեցություններ չեն ունեցել:

Նոր մոտեցման տարբերակիչ առանձնահատկությունը դրա արդյունավետության բարձրացումն է նախկինում օգտագործված ցողունային բջիջների (օրինակ՝ սաղմնային կամ ոսկրածուծի բջիջների) համեմատությամբ: Դրանց վրա հիմնված թերապիան ցույց է տվել անկայուն արդյունքներ, մինչդեռ iPS-բջիջները մեծ ներուժ ունեն:

Միեւնույն ժամանակ, հետազոտողները զգուշացնում են, որ դեռ վաղ է խոսել կաթվածի ամբողջական բուժման մասին։ Ողնուղեղի յուրաքանչյուր վնասվածք տարբեր է, եւ iPS-բջիջների արդյունավետությունը տարբեր տեսակի վնասվածքների դեպքում դեռ պետք է ուսումնասիրվի: Այնուամենայնիվ, մասնագետները համոզված են, որ այս տեխնոլոգիայի հետագա ուսումնասիրությունները թույլ կտան այն կիրառել ոչ միայն շարժողական ֆունկցիաների վերականգնման, այլեւ վնասված այլ հյուսվածքների (ինչպիսին են հանգույցների վնասվածքները կամ աչքի ցանցաթաղանթի վնասվածքները) բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll