Մեկ շաբաթում երկու թեյի գդալ արյունից արհեստական երակներ են աճեցվել

31 հոկտեմբերի, 2014  12:51

Մի քանի տարի առաջ Պետրիի անոթներում օրգաններ աճեցնելու գաղափարը կարող էր միայն թերահավատ ժպիտ առաջացնել: Մինչդեռ այսօր աշխարհի բազմաթիվ առաջատար լաբորատորիաներում նմանատիպ փորձեր են իրականացվում: Դրանցից վերջինը՝ Գյոթեբորգի համալսարանին կից գործող Սալգրենսկայի ակադեմիան ներկայացնող գիտնականների նախաձեռնությամբ, ցողունային բջիջներից նոր հյուսվածքների ստացման հեղափոխական եղանակի հայտնագործությամբ է պսակվել: EBioMedicine ամսագրում հրապարակված հոդվածում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես են գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը երկու թեյի գդալ արյան մեջ առկա ցողունային բջիջներից արհեստական երակներ աճեցրել, հաղորդում է Medical Daily-ն:

Նոր տեխնոլոգիայի ճարտարապետները Զուխիտրա Սումիտրան-Հոլգերսոնը եւ Մայքլ Օլաուսոնն են՝ Սալգրենսկայի ակադեմիայից: Ցողունային բջիջներից արյունատար անոթներ ստանալու նրանց առաջին փորձը դեռեւս 2012թ-ին է մեկնարկել, երբ աճեցված հյուսվածքները ստամոքսաաղիքային համակարգը լյարդին կապող երակից զրկված երկու հիվանդ երեխաների էին փոխպատվաստվել: Այդ ժամանակ, սակայն, արյունատար անոթները ոսկրածուծից հանված ցողունային բջիջներից էին ստացվել, ինչը բավականին ցավոտ պրոցեդուրայի արդյունք է:

«Ոսկրածուծից ցողունային բջիջների հանումը բավականին ցավոտ է: Ինձ միշտ թվում էր, որ այդ նույն բջիջներն արյունից ստանալու միջոց պետք է լինի», - նշել է դոկտոր Սումիտրան-Հոլգերսոնը՝ մամուլի հաղորդագրության շրջանակում: Գիտնականը միանգամայն ճիշտ էր: Երկու տարի անց գիտահետազոտական խմբի անդամներին հաջողվել է բավականաչափ ցողունային բջիջներ ստանալ՝ 25 միլիլիտր արյունից, ինչը մոտավորապես երկու թեյի գդալ է կազմում: Ի զարմանս գիտնականների, նույն՝ ստամոքսաաղիքային համակարգը լյարդին կապող արյունատար անոթի կարիք ունեցող կնոջ օրգանիզմում ներպատվաստված արհեստական երակը կատարյան արդյունավետությամբ աչքի ընկնող գործառնականություն է դրսեւորել:

«Երակի աճեցման ողջ գործընթացն ընդամենը մեկ շաբաթ է տեւել, մինչդեռ առաջին դեպքում մեկ ամիս պահանջվեց: Բանն այն է, որ արյան բաղադրության մեջ աճին բնականորեն նպաստող նյութեր կարելի է գտնել: Մինչ այժմ փոխպատվաստման նպատակով երեք վիրահատություն է իրականացվել, որոնցից երկուսի դեպքում՝ դրական արդյունքներով՝ երակները գործում են եւ չեն մերժվել՝ իմունային համակարգի կողմից: Երրորդ հիվանդը, որ փոքրիկ երեխա է, դեռեւս դիտարկումների փուլ է անցնում», - նշել է դոկտոր Սումիտրան-Հոլգերսոնը:

«Մենք վստահ ենք, որ առաջարկվող տեխնոլոգիական կարող է օգտակար լինել՝ նոր արյունատար անոթների կարիք ունեցող՝ երակների վարիկոզային լայնացմամբ կամ միոկարդի ինֆարկտով ախտորոշված հիվանդների համար», - մեկնաբանել է դոկտոր Սումիտրան-Հոլգերսոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում