Գիտնականները քաղցկեղի դեմ դեղամիջոց են մշակել՝ ծովային սպունգներից

4 նոյեմբերի, 2014  23:50

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է նոր՝ էրիբուլին անվանումը կրող դեղամիջոց ստանալ ծովային սպունգներից՝ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի դեմ: Մշակման համար հիմք ծառայած հետազոտության արդյունքները Լիվերպուլում՝ Օնկոլոգիական հետազոտությունների ազգային ինստիտուտում կազմակերպված միջոցառմանն են ներկայացվել, հաղորդում է The Telegraph-ը:

Լիդսի համալսարանականների ջանքերով մշակված դեղամիջոցը, մասնավորապես, խնդրո առարկա հիվանդությամբ ախտորոշված մարդկանց շրջանում առավել հաճախ մահացության հանգեցնող մետաստատիկ զարգացումը դադարեցնելու եւ հիվանդների կյանքը երկարաձգելու հնարավորություն է ընձեռում:

Նոր դեղամիջոցի՝ ուռուցքի եւ մետաստազների նկատմամբ ազդեցության ուսումնասիրությունը ավելի քան 1800 կանանց շրջանում է իրականացվել: Արդունքում բոլոր կամավորների մոտ տարբեր տեւողությամբ դրական տեղաշարժ է նկատվել:

Դեղամիջոցն ի վիճակի չէ քաղցկեղն ամբողջությամբ բուժել եւ հիվանդ կանանց կյանքը որոշ ժամանակով՝ միջինը երկու ամսով երկարաձգելու հնարավորություն է ընձեռում, ինչն, այդուհանդերձ, կարեւոր ձեռքբերում է: Կրծքագեցձի եռակի բացասական քաղցկեղով հիվանդների պարագայում կյանքի տեւողության փոփոխությունը նույնիսկ 5 ամիս կարող է կազմել:

«Փորձարկումների արդյունքներն անչափ հուսադրող են: Քաղցկեղը խիստ դժվարությամբ է բուժվում (հատկապես, եթե խոսքը կրծքագեղձի ախտահարման մասին է): Նոր դեղամիջոցի կիրառությունը կարող է հավելյալ ժամանակ տրամադրել, ինչը կարեւոր ձեռքբերում է՝ հիվանդության դեմ պայքարի ճանապարհին», - մեկնաբանել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում