Ճյուղավորումը բնորոշ է ոչ միայն ծառերին։ Այս կենսաբանական գործընթացը տեղի է ունենում կենդանիների զարգացման ընթացքում և թույլ է տալիս, որ օրգանները կատարեն բարդ ֆունկցիաներ։ Ճյուղավորված կառուցվածքներ են ձևավորվում թոքերում, երիկամներում, կրծքագեղձերում և այլ օրգաններում։ Կարևոր է նշել, որ կանանց կրծքագեղձերում ճյուղավորումը տեղի է ունենում հիմնականում ծնվելուց տարիներ անց։ Դա պատահում է սեռական հասունացման և հղիության ընթացքում, երբ կաթնատար խողովակները ճյուղավորվում են՝ պատրաստվելով կրծքով կերակրմանը։ Այս գործընթացի խանգարումները կապվում են կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Սակայն, ճյուղավորման ուսումնասիրությունը կարող է լինել բարդ և ժամանակատար գործընթաց։
Քոլդ Սփրինգս Հարբորի Լաբորատորիայում մշակված MaGNet անունով համակարգը կարելի է օգտագործել՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես են հորմոնալ փոփոխություններն ու բուժումը ազդում կրծքագեղձերի վրա, կամ նույնիսկ՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ նշանները բացահայտելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Mammary Gland Biology and Neoplasia ամսագրում։
Լյուիսը՝ աշխատանքի հեղինակը, մտածել է, թե արդյոք հնարավոր է Նավլախի թիմի կողմից բույսերի համար օգտագործված մաթեմատիկական մոդելը կիրառել կրծքագեղձերի վրա։ «Դա թվում էր որպես մեկ այլ ճյուղավորված կառուցվածքի բնական շարունակություն», - ասում է նա։
Սովորաբար, մկների կրծքագեղձերն ուսումնասիրող հետազոտողները ստիպված են լինում կրծքագեղձի հյուսվածքի բարակ կտրվածքներ անել, դրանք մանրադիտակով վերլուծել և ձեռքով հաշվել յուրաքանչյուր կտրվածքում առկա ծորաններն ու ճյուղավորումները, հայտնում է «Научная Россия» պորտալը։ Այս գործընթացը «շատ ժամանակատար և երբեմն անվստահելի է», - ասում է գիտնականը։ «Հաճախ չի հաջողվում կրծքագեղձի ճարտարապետության մասին ամբողջական պատկերացում կազմել։
«MaGNet»-ը ստեղծվել է կրծքագեղձի ներկված պատկերները ճշգրտորեն համեմատելու համար։ Հետազոտողները պարզապես հետևում են ճյուղերին և ծրագրային ապահովման միջոցով դրանք ցուցադրում ցանցերի տեսքով։ Այնուհետև համակարգչային կոդը վերլուծում է ցանցերը և քանակապես գնահատում տվյալները։ «Այս գործիքի միջոցով մենք կարող ենք չափել ծորանային ծառի ընդհանուր երկարությունը, ինչպես նաև ծորանների, ալվեոլների և ճյուղավորվող կառույցների քանակը, - ասում է հետազոտողը։ - Շատ հեշտ է արագ ցուցադրել տարբեր ցանցերը և կատարել թեստեր»։
MaGNet-ը ներկայումս օգտագործվում է միայն մկների վրա։ Այնուամենայնիվ, կոդը կարելի է հարմարեցնել ցանկացած ճյուղավորման համակարգի համար։ Ի վերջո, MaGNet-ը կարող է օգտագործվել ուսումնասիրելու համար, թե ինչպես են որոշակի պայմանները, օրինակ՝ ինֆեկցիաները, կամ կյանքի իրադարձությունները, օրինակ՝ հղիությունը և դաշտանադադարը, ազդում քաղցկեղի զարգացման ռիսկի վրա։ Այն կարող է նաև օգնել վաղ ախտորոշման հարցում։ «Մենք միշտ փնտրում ենք տագնապալի նշաններ, որոնք հայտնվում են նախքան ուռուցք զգալը կամ մամոգրամայի կամ ուլտրաձայնային հետազոտության վրա որևէ բան տեսնելը», - ասում է Լյուիսը։ «Պատկերացրեք, որ ավտոմատացված գործիքը կարող է ասել, որ ուռուցք դեռ չկա, բայց կան նկատելի փոփոխություններ»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day