Հետազոտությունը, որը հրապարակվել է Trends in Cardiovascular Medicine բժշկագիտական հանդեսում, ցույց է տալիս, որ ծխախոտի ծխելու ազդեցությունը երեխաների վրա (ինչպես նաև պասիվ ծխելը) լրջորեն առնչվում է սրտի վաղաժամ վնասվածքին, սրտի անբավարարությանն ու առավել երիտասարդ տարիքում հանկարծակի մահվանը։
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի գիտնականների խումբն ընդգծել է, որ աճող մարմնի և սրտի վրա ծխախոտի ազդեցությունը՝ նույնիսկ կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց առաջ հանգեցնում է կառուցվածքային և ֆունկցիոնալ վնասների։
Ըստ նոր տվյալների՝ երեխաների և դեռահասների ներկայությամբ ծխելը կամ ծխողների շրջապատում գտնվելը, նույնիսկ կյանքի վաղ շրջանում, զգալիորեն մեծացնում է սրտանոթային անբարենպաստ հետևանքների վտանգը։ Օրինակ՝ երեխաները, որոնք սկսել են ծխել կամ ենթարկվել են պասիվ ծխելու, մինչև 40-50 տարեկան հասակը ունեցել են սրտի անբավարարության և սրտից հանկարծակի մահվան բարձր ռիսկ։
Միևնույն ժամանակ, միջին տարիքում ծխելը թողնելը (օրինակ՝ 30 տարեկանում) զգալիորեն նվազեցնում է մահվան վտանգը, բայց տասնամյակներ անց սրտի անբավարարություն զարգացնելու ռիսկը լիովին չի վերացնում։
Հեղինակները նշում են, որ այդ գործընթացի պաթոֆիզիոլոգիան ներառում է նյութափոխանակության խանգարումներ. ծխելը հանգեցնում է մկանային զանգվածի նվազմանը և վնասակար նյութերի կուտակմանը: Նստակյաց ապրելակերպի և անառողջ սննդակարգի հետ մեկտեղ դա արատավոր շրջան է ստեղծում և արագացնում սրտի վնասումը։
Դեռահասների շրջանում էլեկտրոնային սիգարետների արագ աճող օգտագործումը ևս մտահոգիչ է, ինչը նրանց էլ ավելի խոցելի է դարձնում ավանդական ծխախոտից ծխելը սկսելու հարցում։
Ելնելով վերոնշյալ տվյալներից՝ գիտնականներն ընդգծում են, որ ներկա և ապագա սերունդների սրտի առողջությունը պաշտպանելու ամենաարդյունավետ ռազմավարություններն են մանկության տարիներին ծխելը կանխելը, ֆիզիկական ակտիվության խթանումը, ինչպես նաև նիկոտինային արտադրանքի հասանելիության սահմանափակումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day