• Latest news

Ստեղծվել է կուրացած բուժառուներին վերստին կարդալու հնարավորություն ընձեռող իմպլանտ

3 նոյեմբերի, 2025  20:48

Գիտնականները իմպլանտներ են տեղադրել կույր բուժառուների աչքերի մեջ, և այժմ նրանք վերստին են կարող կարդալ։ Լոնդոնի Մուրֆիլդս հիվանդանոցի վիրաբույժը, որը վիրահատել է նման հինգ մարդու, գիտափորձի արդյունքները «շշմեցուցիչ» է անվանել:  

70-ամյա Շեյլա Իրվինը, որը պաշտոնապես գրանցված է որպես կույր, BBC-ին պատմել է, որ կարող է կրկին կարդալ և խաչբառեր լուծել, և դա «անհավանական է»։

«Դա այնքան գեղեցիկ է, այնքան հրաշալի։ Դա ինձ այնպիսի ուրախություն է պատճառում…»,- ասել է նա։

Այդ տեխնոլոգիան հույս է ներշնչում տարիքային մակուլոդիստրոֆիայի (չոր մակուլյար դեգեներացիայի) ծանր ձևից՝ աշխարհագրական ատրոֆիայով հիվանդ մարդկանց, որից, բժիշկների գնահատմամբ, Մեծ Բրիտանիայում տառապում է մոտ 250 հազար, իսկ ամբողջ աշխարհում՝ հինգ միլիոն մարդ։

Այս հիվանդությամբ բուժառուների աչքի հետևի մասում գտնվող ցանցաթաղանթի մի փոքր հատված աստիճանաբար վատթարանում է, ինչը հանգեցնում է պատկերների մշուշոտ կամ աղավաղված լինելուն։ Ընդ որում, գույների ընկալումը և չնչին մանրամասները տարբերակելու ունակությունը հաճախ կորչում են։

Նոր տեխնոլոգիան ներառում է 2 մմ x 2 մմ չափսի և մոտավորապես մարդու մազի հաստությամբ փոքրիկ լուսազգայուն միկրոչիպի տեղադրումը ցանցաթաղանթի տակ։ Բուժառուն ներկառուցված տեսախցիկով ակնոց է դնում։ Տեսախցիկն օգտագործում է ինֆրակարմիր լույս՝ տեսապատկերներ ուղարկելու աչքի հետևի մասում գտնվող իմպլանտին, որը դրանք փոխանցում է փոքր գրպանի չափի պրոցեսորին, որտեղ պատկերները մշակվում և հստակեցվում են։ Այնուհետև այդ պատկերներն իմպլանտի և տեսողական նյարդի միջոցով ուղարկվում են բուժառուի ուղեղ՝ նման կերպ մասամբ վերականգնելով նրա տեսողությունը։

Իհարկե, ուղեղին ամիսներ են պահանջվում՝ ստացված պատկերները մեկնաբանելու սովորելու համար։

Մեծ Բրիտանիայի գիտնականների թիմի ղեկավար, Մուրֆիլդս հիվանդանոցի ակնաբույժ-խորհրդատու Մահի Մուկիտը այն «կյանքն արմատապես փոխող առաջադեմ» տեխնոլոգիա է անվանել:

«Սա առաջին իմպլանտն է, որը, ինչպես ապացուցվել է, վերականգնում է բուժառուների տեսողության գիտակցումը, որը կարող է կիրառվել առօրյա գործողությունների, մասնավորապես՝ գրել-կարդալու համար։ Կարծում եմ՝ դա հսկայական նվաճում է»,- ասում է դոկտոր Մուկիտը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում։ Փորձին մասնակցել են հինգ եվրոպական երկրներից 38 բուժառուներ։ Բոլորն էլ տառապում են աշխարհագրական ատրոֆիայից։

Երեսուներկու մասնակից ստացել է կալիֆոռնիական Science Corporation կենսատեխնոլոգիական ընկերության մշակած Prima իմպլանտը։ Նրանցից քսանյոթը ի վերջո վեսրտին կարողացել է կարդալ։ Մեկ տարի անց նրանք ի վիճակի են եղել տարբերակել ակնաբուժական աղյուսակի վերին հինգ տողերը։

Շեյլայի արդյունքն ավելի տպավորիչ է։ Առանց իմպլանտի բոլորովին չէր կարողանում կարդալ։ Սակայն BBC-ի նկարահանումների ժամանակ Մուրֆիլդս հիվանդանոցում նա առանց որևէ սխալի կարդաց ակնաբուժական աղյուսակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll